2011թ. հունիսի 27-ին, պաշտպանության նախարարության N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, շարքային Հայկ Մովսիսյանը ճաշարան գնալիս , աննկատ դուրս գալով շարքից, զորամասի պատի վրայով անցնելով, ինքնակամ թողել էր զորամասի տարածքը:
Հայկը, ըստ գործի նյութերի, հայտնաբերվել էր զորամասի հրամանատարի սպառազինությունների գծով տեղակալ Արմեն Ավանեսյանի կողմից, վերադարձվել զորամաս:
Զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովհաննես Սաղաթելյանը երբ փորձել է իմանալ Հայկի զորամասը լքելու պատճառը, Հայկը գրպանում եղած սափրվելու սայրով ինքնավնասել էր ձախ նախաբազկի շրջանը: Նրան տեղափոխել էին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից հոսպիտալացվել էր, եւ ստացիոնար բուժման ընդունվել Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Հայկի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով անդամախեղում կատարելու փաստի առթիվ:
Կարդացեք նաև
Մինչդեռ, անդամախեղումները ողջամիտ դիտորդների կարծիքով այլ կերպ են լինում:
2011թ.օգոստոսին 3-ին Հայկ Մովսիսյանին մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությու չհեռանալու մասին:
2011թ-ին դեկտեմբերին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը ոչ միայն խափանման միջոցը փոխեց կալանավորմամբ, այլ շարքայինի նկատմամբ հայտարարեց հետախուզում: Հայկը այդ ժամանակ մեկնել էր հանրապետությունից բուժման նպատակով: Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչ այդ, ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձագիտական եզրակացությամբ Հայկի մոտ հայտնաբերվեց «Օրգանական փսիխոպաթոննման խանգարում, դեզադապտացիոն դեկոմպենսացիա՝ սուիցիդի փորձով», ինչը պատճառ է դարձել, որ նա համարվի ոչ պիտանի ծառայության համար, համաձայն Պաշտպանության նախարարի 175-10 հրամանի 2 «բ» հոդվածի 1-ին սյունակի:
Պաշտպանության նախարարի հրամանով ոչ պիտանի համարված զինվորին հայտնաբերեցին, բերեցին դատարան, եւ դատավոր Ս.Աղաբեկյանի նախագահությամբ նրան դատապարտեցին 3 տարվա ազատազրկման:
Հայկ Մովսիսյանն անցյալ տարվա նոյեմբերին ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի 8-րդ խցում կախվելու միջոցով ինքնասպան եղավ:
ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Արմեն Դանիելյան) 2 օր առաջ արդարացրեց Հայկ Մովսիսյանին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ բողոք էր բերել ՀՀ գլխավոր դատախազը:
Բողոքաբեր կողմը՝ դատախազ Ջոն Ֆարխոյանը դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց.«Ինչպես վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ դատարանը անտեսել, որեւէ կերպ չէին հերքել Հայկ Մովսիսյանի բացատրությունը, նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքն այն մասին, որ ինքը զինվորական ծառայությունից չի խուսափում, ընդամենը նյարդային խնդիրների հետեւանքով չի կարողանում համակերպվել ծառայության պայմաններին, հաճախ կորցնում է ինքնատիրապետումը»: Հայկն, ի դեպ, չէր ընդունել իրեն մեղսագրվածը:
Ըստ Ջ.Ֆարխոյանի, Հայկ Մովսիսյանը մարզում դատաքննության ժամանակ էլ պնդել էր, որ գումարտակի հրամանատարի աշխատասենյակում ինքնավնասում է կատարել ոչ թե զինվորական ծառայությունից ազատվելու նպատակով, այլ՝ ինքնատիրապետումը կորցնելու: «Դատարանը Հայկ Մովսիսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելը հաստատված լինելու մասին չի նշել, թե հատկապես որ ապացույցների վրա է հիմնված այդ հետեւությունը եւ ինչ ապացույցներով ենք հերքվել Հայկ Մովսիսյանի վերը նշված պատճառաբանությունները: Ի վերջո, ինչպես վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ դատարանը անտեսել են այն փաստը, որ Հայկ Մովսիսյանը տվյալ հանցագործության սուբյեկտ չի հանդիսացել, քանի որ ինչպես հայտնի է, ՀՀ քրեական օրենսգրքի սուբյեկտ է հանդիսանում զինծառայողը, անձ, ով պիտանի է զինվորական ծառայության համար եւ գտնվում է ծառայության մեջ»,-ասում է Ջ.Ֆարխոյանը:
Հայկ Մովսիսյանի զորացրման հիմքը եղել է «օրգանական փսիխոպաթոնանման խանգարումը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Ինչի դուք մարդ եք/???????ով??? է տեսել բավականին լուրջ սուիցիդալ վարք ունեցող մարդուն էլ չեմ ասում զինորին դատապարտեն ազատազրկման ավելի խորացնելով նրա վարքը:Սա է???? մեր ապահով Հաաստանը:ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐ: