«Ես ավելի ազատական եմ, Վահագն Խաչատրյանը՝ ոչ: ՀԱԿ-ի համար ոչ մի բան չեմ արել, որովհետեւ երբեք ՀԱԿ անդամ չեմ եղել եւ գտնում էի՝ ՀՀՇ-ն շատ անելիք ուներ: Ես ՀՀՇ-ի անդամ էի, եւ կուսակցության գիծը տանում էի առաջ: ՀԱԿ-ը եկավ եւ իմ կուսակցությունը փակեց եւ օգտագործեց ամբողջ ռեսուրսը՝ թե մարդկային, թե ֆինանսական, թե գույքային… Այսօր շարժումներ են գնում. կա ՀԱԿ Դաշինք, որն ասում է, որ շարունակում ենք որպես ՀԱԿ Դաշինք, կա ՀԱԿ կուսակցություն, որ ասում է՝ մենք ենք ՀԱԿ-ը, կա ՀԱԿ խմբակցություն, որ ասում է՝ մենք ենք ընտրվել: Պարզ լուծում ունեմ՝ որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, այնտեղ էլ ՀԱԿ-ն է: Գալիս է իմ այն մոտեցումը, որ դա անձի կուսակցություն է, դա Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունն է»,- այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում ասաց ՀՀՇ նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նա նկատեց, որ 2008-ին շարժման համակիրները ավելի շատ էին եւ որոշ քայլերի պատճառով կամ անձերի սխալների հետեւանքով նվազել են: Հետո անդրադառնալով ՀԱԿ Դաշինքի անդամ որոշ կուսակցությունների երեկ տարածած միավորման կոչ հայտարարությանը՝ ասաց. «Այդ խճճվածությունը ես չեմ սարքել: Դա ինձ թվում է ՀԱԿ կուսակցության նախաձեռնողների սխալն էր, որոնք հաշվի չեն առել, որ ՀԱԿ-ը տասնութ կուսակցությունների դաշինք է: Այնպես պետք է անեին, որ բոլոր այդ տասնութ կուսակցություններն էլ համաձայնեին այն գործընթացների հետ, որոնք տեղի ունեցան»:
Պարոն Իգիթյանի ասածներին այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը այսպես արձագանքեց. «Չեմ հասկանում՝ ինչի համար է կոմպլեքսավորվել Հովհաննես Իգիթյանը, որովհետեւ ով, ով, ինքը շատ լավ գիտի, որ մեր թիմում միշտ տիրել է բանավեճի մթնոլորտ: Բոլորն ազատորեն արտահայտվել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ