Ցեղասպանությունը` այսինքն, ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որեւէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողւությանը ծանր վնաս պատճառելը, մանկածնությանը խոչընդոտելը, երեխաներին հարկադրաբար մարդկային այդ խմբից այլ խմբի հանձնելը, բռնությամբ վերաբնակեցնելը կամ այդ խմբի լիովին կամ մասամբ ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի այլ պայմաններ ստեղծելը… Սույն հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, նկատի ունենալով, որ այն անմիջապես ուղղված է մարդկության անվտանգության դեմ, նույնիսկ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում: Այն ժողովուրդը, որը չի հիշում իր անցյալը, հավատացած եմ, որ նրա ներկան եւ ապագան լիարժեք չի կարող լինել: Անցյալը, ներկան եւ ապագան, ահա այն ամբողջությունը, որում մենք ապրում ենք: Մենք հիշում ենք XX դարի ծանրագույն ոճրագործությունը` Հայոց եղեռնը, ցեղասպանությունը: Այդ տարիներին մեկուկես միլիոն անմեղ հայեր դաժանաբար կոտորվեցին Օսմանյան կայսրության կողմից: Նույն ճակատագրին արժանացան նաեւ 500-600 հազար անմեղ եզդիներ: Հարյուր հազարավորները արտաքսվեցին իրենց բնակավայրերից: Ե՛վ հայերը, ե՛ւ եզդիները դաժանորեն սպանվեցին ոչ թե իրենց դրսեւորած վարքագծի կամ կատարած մեղքի համար, այլ նրա համար, որ նրանք ազգությամբ հայ կամ եզդի էին ծնվել: Հիշատակի այս տխուր օրերին մենք նորից կողք-կողքի ենք: Մենք պարտավոր ենք պահել նահատակների հիշատակի կրակը եւ երբեք-երբեք թույլ չենք տա ցեղասպանություն ամբողջ աշխարհում, անկախ այն հանգամանքից, թե ով կընդունի կամ չի ընդունի ցեղասպանությունը, կամ կխուսափի “ցեղասպանություն” բառը արտասանելուց: Մենք պարտավոր ենք փաստերի հիման վրա ճանաչել ցեղասպանությունը: Դա կլինի արդար եւ ազնիվ բոլոր նահատակվածների հիշատակի առջեւ: Մեր հավատը թույլ տվեց ստեղծել այսօրվա Հայաստանը, եւ մենք պատրաստ ենք է՛լ ավելի հզոր, է՛լ ավելի ազատ, է՛լ ավելի արդար, կայուն պետականությամբ բարեկեցիկ երկիր կառուցել: Հավատացած ենք, որ Հայաստանի ժողովրդավարական, խաղաղ եւ կայուն զարգացումը նպատակային ապագա կապահովի Հայաստանի ժողովրդի համար: Այսօր աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: XXI դար մարդկությունը հասել է մի հանգրվանի, ուր ոչ մի նոր ցեղասպանություն չպետք է կատարվի: Կյանքը մոռացում չի հանդուրժում: Կգա այն օրը, երբ Թուրքիան եւ ամբողջ աշխարհը կճանաչի Հայոց, ինչպես նաեւ ասորիների, հույների, եզդիների ցեղասպանությունը: «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ
Ամո ՇԱՐՈՅԱՆ (Ամոե Ահմադ)