Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲաRevolution»-ի մասին առանց էմոցիաների

Ապրիլ 18,2013 15:32

2013 թվականի նախագահական ընտրությունները հանդիսացան ընդդիմադիր հանրության ակտիվացման նոր առիթը:

Ընտրությունների արդյունքում, թեեւ իշխանությունները վերարտադրվեցին, սակայն պաշտոնապես գրանցվեց ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը ՀՀ մի շարք քաղաքներում եւ գյուղերում, ընդ որում, օրինակ, հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում, իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանը կրեց ջախջախիչ պարտություն: Սա աննախադեպ  երեւույթ է Հայաստանի Հանրապետության պատմությունում:   Եվ այս ամենը գրանցվեց այն դեպքում, երբ մեկնաբանների մեծ մասը նշում էր, որ այդ ընտրություններում Սերժ Սարգսյանը չունի լուրջ մրցակից: Ընտրությունները եւս մեկ անգամ փաստեցին, որ ընդդիմադիր հեղափոխական տրամադրությունները հանրությունում չեն մարել, եւ որ քաղաքացիների մի մեծ բանակ չի համակերպվում քաղաքական դաշտում առկա «ստատուս քվոյի»  հետ:

Ընդդիմությունը չընդունեց ընտրությունների արդյունքները, եւ դրանք վիճարկվեցին Սահմանադրական դատարանում: Թեեւ ՍԴ-ն ընտրությունների արդյունքները թողեց անփոփոխ, որեւէ ընդդիմադիր ուժ չշնորհավորեց Սերժ Սարգսյանին, շատերը, այդ թվում, նրա կողմանակիցների շարքերում չգտնվող Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընտրություններում հաղթող ճանաչեցին Րաֆֆի Հովհաննիսյանին:

Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր ուժերին կոչ արեց խոնարհել կուսակցական դրոշները եւ տանել վերկուսակցական պայքար։ Նրա ղեկավարած շարժմանը միացան ընդդիմադիր տարբեր քաղաքական եւ քաղաքացիական հոսանքներ: Հովհաննիսյանը կազմակերպեց բազմաթիվ եւ բազմապիսի բողոքի ակցիաներ ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության տարբեր մարզերում: Նա անձամբ դիմեց պայքարի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, ինչն իրականացրեց 21 օր մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ազատության Հրապարակում։

Հովհաննիսյանը պահանջեց իշխանությունների հրաժարականը կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում` պայմանով, որ մինչ այդ իշխանությունները ընդդիմությանն են զիջելու մի շարք կարեւորագույն, այդ թվում, ուժային ռեսուրսներ:  Ակնհայտ դարձավ, որ, այս անգամ էլ, առաջին հերթին, Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության արդյունքում իշխանություններին չի հաջողվել լուծել սեփական լեգիտիմության խնդիրը:

Իշխանությունները թեեւ մերժեցին ընդդիմության հիմնական պահանջները, սակայն որոշակի պայմանների պահպանման դեպքում համաձայնվեցին Հովհաննիսյանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ` դրանով անուղղակի կերպով ճանաչելով «բարեւի շարժման» լեգիտիմությունը։

Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը Հովհաննիսյանը կազմակերպեց բազմահազարանոց հանրահավաք, որը կոչվեց «Նոր Հայաստանի» երդմնակալություն: Միջոցառմանը երկա քաղաքացիները հայտարարեցին, որ չեն ճանաչում ներկայիս իշխանություններին եւ խաղաղ միջոցներով պայքարելու են սեփական հաղթանակը ամրագրելու համար: Փաստորեն, ներկայիս դրությամբ ընդդիմության ամենախոշոր, ազդեցիկ եւ ակտիվ հատվածի կողմից հայտարարվեց քաղաքացիական անհնազանդություն սկսելու մասին։

Երդմնակալության օրը ցուցարարներից շատերը պահանջում էին ինչ-որ ռադիկալ գործողություններ: Հովհաննիսյանը ծրագրված մեկ երթի փոխարեն երկու խաղաղ երթ կազմակերպեց: Երկրորդը պետք է անցներ նախագահի նստավայրի մոտով։ Իշխանությունները մեծ թվով ոստիկանական ուժեր հանեցին ցուցարարների դեմ՝ թույլ չտալով նրանց անցնել Բաղրամյան պողոտայով, ինչի արդյունքում եղան լոկալ ընդհարումներ: Որոշ դեպքերում ոստիկանները աչքի ընկան ուժի անհամաչափ կիրառմամբ, ինչի մասին վկայում են համացանցում տարածված բազմաթիվ տեսանյութերը:  ՀՀ ոստիկանության պետի անմիջական մասնակցությամբ երթը սկզբից կայացավ այլ ուղիով, սակայն ցուցարարները չհեռացան եւ ավելի ուշ տեղի ունեցավ երթ նաեւ նախագահական նստավայրի մոտով։

Փաստորեն Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը քաղաքացիներին, անկախ ամեն ինչից, հաջողվեց իրենց բողոքը հնչեցնել տարբեր սահմանադրական միջոցներով: Ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որը պարտադրեց ՀՀ ոստիկանապետին անձամբ ներկա լինել բողոքի ցույցերից մեկին եւ ուղեկցել ընդդիմադիրների երթը, ինչը նշանակում է, որ իշխանությունները մտահոգված են եւ հաշվի են նստում ընդդիմադիր շարժման հետ։ Բողոքի երթը, չնայած ոստիկանության նախազգուշացումների, այդպես էլ չցրվեց նրա կողմից:

Ապրիլի 9-ի զանգվածային միջոցառումների որոշ դրվագներ,  մասնավորապես,  երբ երթի ժամանակ եղան ընդհարումներ եւ բողոքի ցույցը ժամանակավորապես մասնատվեց եւ ցուցարարների մի մասը` տեխնիկական պատճառներով, մի մասն էլ` չենթարվելով կազմակերպչին, մնաց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, ցույց տվեցին, որ անհրաժեշտություն կա  բարձրացնել նմանատիպ միջոցառումների կազմակերպվածության մակարդակը։

Ընդդիմադիր հանրության մի հատվածը, հատկապես ապրիլի 9-ից հետո, քննադատում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նշելով որ չի հասկանում նրա գործողությունների տրամաբանությունը, ոմանք մեղադրում են նրան անսկզբունքայնության, անկազմակերպվածության եւ քաղաքական տեքստ չունենալու մեջ։ Որոշ ընդդիմադիր միավորներ հայտարարել են, որ մտադիր են ինքնուրույն պայքար մղել ռեժիմի դեմ։ Այս պայմաններում անկախ նրանից, թե որքանով է սուբյեկտիվ, կամ օբյեկտիվ քննադատությունը, ինքնին այդ փաստը վկայում է, որ Հովհաննիսյանն ու իր կողմնակիցները պետք է ջանքեր գործադրեն հնարավորինս վերլուծելու քննադատությունը, շտկումներ կատարելու սեփական վարքի մեջ եւ հրապարակային երկխոսության մեջ գտնվեն քննադատողների հետ: Բոլոր ընդդիմադիրների շահերից է բխում, որ լինի ոչ թե կոնֆլիկտային այլ համագործակցային մթնոլորտ:

Առ այսօր «բարեւահեղափոխությունը» առաջնորդվել է բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի (եւ ոչ թե Ժառանգություն կուսակցության) կողմից, նա է եղել եւ է բոլոր գործողությունների պատասխանատուն։ Պետք է նշել, որ «Բարեւի շարժմանը» բնորոշ է ազատական (լիբերալ) մթնոլորտը` հարթակից հաճախ խոսել են տարբեր դիրքորոշումներ ունեցող անձինք, խրախուսվել են բանավեճը, քննադատությունը, Հովհաննիսյանը հաճախ խորհրդակցել է նաեւ հավաքներին ներկա ժողովրդի հետ, անմիջական շփման մեջ է եղել նրա հետ։ Սակայն որոշումների կայացումը բացառապես եղել է Րաֆֆի Հովհաննիսյանը տիրույթում, նա է «Բարեւի շարժման» մեջ որոշում կայացնող միակ սուբյեկտը, ինստիտուտը: Եւ դա այդպես է, քանզի շարժման մեջ ուղղակի գոյություն չունի որոշումների կայացման այլ ինստիտուտ: Հովհաննիսյանը, ստանալով ժողովրդի քվեն եւ վայելելով հանրության վստահությունը, բնականորեն ստանձնել է «ժողովրդի հաղթանակի ամրագրման» գործընթացի ղեկավարությունը։

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ կոչվող ինստիտուտը բացառապես խոհրդակցական մարմին է, այն օժտված չէ որոշումների կայացման գործառույթով։  Փաստորեն, կարելի է ասել, որ շարժումը ազատական սկզբունքների վրա է, ունի դեմոկրատական նպատակներ, սակայն դեմոկրատական չէ՝ որոշումների կայացման մեխանիզմի առումով: Որոշումների կայացման դեմոկրատական սկզբունքը ենթադրում է հավասար ձայնի իրավունքով օժտված մարդկանցից բաղկացած լեգիտիմ մարմնի գոյություն, որտեղ որոշումները  կայացվում են կամ կոնսենսուսով, կամ էլ ձայների մեծամասնությամբ։

Րաֆֆի Հովհաննիսյանը  հայտարարել է, որ մտադիր է ստեղծել ընդդիմադիր միասնական շարժում եւ այդ նպատակով քննարկումներ անելու համար ապրիլի 19-ին հրավիրել է ժողով։ Կարելի է ենթադրել, որ կա միտում ինստիտուցիոնալացնել պայքարը, ձեւավորել շարժումը համակարգող ինչ-որ մարմին եւ մշակել հայտարարված քաղաքացիական անհնազանդությունից բխող կոնկրետ քայլերի, գործողությունների պլան, նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ։

Եթե ֆորումի մասնակիցները հանգեն որոշումներ կայացնող եւ պայքարը համակարգող մարմնի ձեւավորման անհրաժեշտությանը, ապա Շարժումը կշահի եթե այն լինի հնարավորինս ներկայացուցչական եւ ձեւավորվի հանրության լայն զանգվածների համար ընդունելի որեւէ եղանակով, եւ որում որոշումների կայացումը հիմնված լինի դեմոկրատական սկզբունքի հիման վրա։ Թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է պայքարի վերկուսակցական սկզբունքը, սակայն պետք է հստակ գործողություններով ցույց տալ, որ որոշումների կայացման հիմքում չկա նեղ կուսակցական շահ։ Հասարակության լայն շերտերի, կուսակցականների եւ անկուսակցականների ներգրավումը հնարավոր կլինի, եթե նրանք համոզված լինեն, որ դա այդպես է։

Ընդդիմադիր հանրության շահերից է բխում, որ թարմացվի շարժման ադմինիստրատիվ, տեխնիկական գործառույթներ իրականացնող կամավոր եւ հաճախ իրավիճակային սկզբունքով գործող անձնակազմը: Եթե շարժմանը հաջողվի դառնալ իրոք համաժողովրդական, ապա դրանում հնարավոր կլինի ներգրավել Հայաստանի լավագույն մարդուժի մի զգալի հատվածը։  Շարժման ընդլայնումը մեծապես կախված կլինի նրանից, թե որքանով մարդիկ կընդունեն որոշումների կայացման գործընթացի լեգիտիմությունը, կհասկանան դրված նպատակները, կհամոզվեն ծրագրված գործողությունների արդյունավետության մեջ եւ հնարավորություն կունենան ազդելու գործընթացների վրա։

ՌԱՀՀԿ փորձագետ

Էդգար Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930