Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական գարնան միֆը, ըստ Վարդան Օսկանյանի

Ապրիլ 18,2013 15:20

«Արաբական գարնան միֆը ցրվեց, մարդիկ հիասթափված են, այդ երկրներում իրավիճակը չկայունացավ: Անգամ սունիներն իրենց երեք տարի առաջվա կյանքն այսօրվա հետ են համեմատում`չտեսնելով թունելի վերջը: Իսկ դա այն մարդիկ էին, ովքեր գտնում  էին, որ հեղափոխության միջոցով կարելի է փոխել կյանքը: Նրանք այսօր մտածում են, որ ավելի լավ կլինի Ասադը մնա`պատերազմն ավարտվի, մարդիկ չզոհվեն»- «Սիվիլիթաս» հիմնադրամի այսօր կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Քննարկման թեման էր` Ի՞նչ սպասելիքներ կան Սիրիայից մոտ ապագայում: Հնարավո՞ր է արդարություն առանց խաղաղության: Հնարավո՞ր է խաղաղություն առանց պատասխանատվության/հաշվետվության և արդարության: Ի՞նչ են ուզում սիրիացիները: Ի՞նչ է ուզում միջազգային հանրությունը:

Օսկանյանը գտնում է, որ նաեւ միջազգային շահն է այսօր փոխվել Սիրիայի եւ տարածաշրջանի հարցում: Ու պատահական չի համարում Ասադի`նախօրեին արած այն հայտարարությունը, որ այն տերությունները, որոնք ժամանակին զինում եւ խրախուսում էին զինված խմբերի գործունեությունը`«Ալ-քաիդա» եւ այլն, մի օր իրենց դեմ են շուռ գալու: Այն հանգամանքները, որոնք նպաստեցին իրավիճակի սրմանը, ըստ բանախոսի, փոխվել են: Օսկանյանի կարծիքով՝ այս խնդիրը պետք է այնպես հանգուցալուծվի, որ հաղթող կողմ չլինի: Նման արդարությունը Նիկոլաս Քույումջյանը խարխուլ է համարում:

Բանախոսները ներկայացրեցին նաեւ խնդրի հանգուցալուծման սեփական տարբերակները, այդ թվում նաեւ ոչ պակաս հավանական`Սիրիայի բաժանման եւ նոր պետությունների ստեղծման տարբերակը: Օսկանյաը, սակայն, այս տարբերակի համար կարծում է, որ միջազգային շատ մեծ համաձայնության խնդիր կա: Նման տարբերակը միայն ժամանակավոր լուծում է համարում: Եթե ամերիկացիները մեծ դերակատարում ստանձնեն, ապստամբների վճռորոշ հաղթանակը բանախոսները չեն բացառում, բայց ԱՄՆ-ի նման ներգրավվածության անհրաժեշտությունը չեն տեսնում:

Օսկանյանի համոզմամբ, երկարաժամկետ հեռանկարում առավել հավանական է Ասադի եւ նրա կողմնակիցների վճռորոշ հաղթանակը, որը, սակայն, հիմնական խաղաղություն չի լինելու: Այդ իմաստով բերում է Լիբիայի օրինակը, որը 15-տարվա պատերազմից հետո չկարողացավ բաշխել իշխանությունը: Նա հանգուցալուծման այսպիսի տարբերակ է տեսնում` 2014-ի ընտրություններով խնդրի հանգուցալուծում եւ ռազմական համաձայնության ձեռքբերում`միջազգային ուժերի ներգրավվածությամբ: Նա կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է խաղաղապահ ուժեր բերել`քաղաքական առաջարկի հետ համատեղ: Նիկոլաս Քույումջյանն այդ սցենարը համարում է կարճաժամկետ եւ միջնաժամկետ լուծման տարբերակ:

Թե ի՞նչ կարող է անել Հայաստանը Սիրիայի խնդրի կարգավորման հարցում`խնդրի շուրջ խոսելիս Վարդան Օսկանյանը նկատեց, որ համայնքի մակարդակում, Հայաստանի կառավարությունն արել է այն, ինչ որ կարող էր: Իսկ դիվանագիտական մակարդակում, ըստ Օսկանյանի, Հայաստանը թերացել է: «Սիրիահայերը միակ համայնքն են Սիրիայում, ովքեր իրենց թիկունքում պետություն ունեն: Դա առավելություն է:Բայց Հայաստանը, որպես պետություն, դիվանագիտական ճակատում չի արել այն, ինչ կարող էր: Առավել ակտիվ եւ ներգրավված պետք է լիներ: Ասենք`հատուկ ներկայացուցիչ լիներ, ով ճոճանակային դիվանագիտություն կարող էր իրականացնել»,- ասաց նա: Այդ հնարավորությունն Օսկանյանն այսօր էլ է տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930