Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի թեմատիկ կայքերի` Armeniansgenocide.am, Armeniaculture.am, armenianlanguage.am, Armenianreligion.am, Armeniandiaspora.am, Historyofarmenia.am, Armenianarchaeology.am-ի շնորհանդեսը: 2012թ.-ին նախագծված եւ համացանցային կիրառման ներկայացված այս կայքերում կարելի է գտնել, դիտել եւ անվճար ներբեռնել հայագիտական համապատասխան թեմատիկ ուղղություններին առնչվող ոչ միայն դասական եւ հայտնի գիտական աշխատանքներ, այլեւ նոր հրապարակումներ, փաստաթղթեր, քարտեզներ, լուսանկարներ եւ տեսանյութեր:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ինստիտուտի ստեղծումից ի վեր առաջնային խնդիր է դրվել հայագիտության ավանդական ուղղությունների զարգացումն ուղղորդել արդի տեխնոլոգիաների հետ. «Առաջին քայլը մեր պաշտոնական կայքի` Armin.am-ի ստեղծումն էր, որից հետո անհրաժեշտություն եղավ դաշտում ավելի մեծացնել մեր ներկայությունը, քանզի պետք էր ընդհանրական գիտությունը նաեւ ըստ թեմատիկ ուղղությունների ներկայացնել` սկսած կայքերի դոմեյնային անվանումներից եւ վերջացրած դիզայնով եւ բովանդակությամբ: Որպես հիմնական խնդիրներ մեր առջեւ դրեցինք պարզության, մատչելիության եւ հասանելիության ապահովումը: Արդյունքում, կայքերից ոչ մեկում չեք գտնի վճարովի կամ ոչ հասանելի նյութեր: 7 կայքերի միջեւ ապահովված է փոխկապակցման համակարգ. անմիջապես նյութերից հնարավոր է անցում կատարել մեկ կայքից մյուսը»:
Մհեր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Google-ի` տեքստ կարդալու հնարավորությունը ինտեգրվել է կայքեր, որոնց հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով առկա բոլոր նյութերը հնարավոր է լսել` նշում կատարելով: Հովհաննիսյանի խոսքով, սա առաջին հերթին անհրաժեշտ է տեսողական կամ լեզվական խնդիրներ ունեցող եւ լեզուն սովորել ցանկացողների համար:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, որ ինչ նշանակություն կարող են ունենալ թեմատիկ 7 կայքերն, օրինակ, Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քարոզչության դեմ:
Կարդացեք նաև
«Կայքերն առաջնահերթ մշակվել են քարոզչական խնդիրներից ելնելով: Ինստիտուտի ստորաբաժանումներից մեկը` Վիրտուալ հայագիտության եւ տեղեկատվության բաժինը, համակարգված ձեւով մշտադիտարկման է ենթարկում համացանցի այն հատվածը, որտեղ ներկայացված են հակահայկական եւ հայամետ գրականություն եւ նյութեր: Արդյունքում պարզ է դառնում, թե ինչ կա մեր դեմ եւ ինչ պետք է ներկայացնել: 7 կայքերում հիմնականում ներկայացված են այդպիսի նյութեր, որոնք խնդիր ունեն դրսի եւ ներսի լսարանի համար մատուցել համապատասխան տեղեկատվություն: Մեր խնդիրն է ոչ թե տեսնել, թե ինչ պատասխան պետք է ներկայացնել, այլ հետեւել թիրախային թեմաներին եւ ընթերցողին ներկայացնել այլընտրանքային նյութ: Կարեւոր է, որ նյութն այնքան ընթեռնելի դառնա, որ որոնման դաշտում թերախային թեմա գրելուց մեր ներկայացրած եւ հակահայկական նյութն իրար զուգահեռ լինեն, իսկ ընթերցողն էլ կկարդա ու կտեսնի իրական պատկերը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ