Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարությո՞ւն, թե՞ քաղաքականություն. քննարկում «Սիվիլիթասում»

Ապրիլ 18,2013 14:56

Ի՞նչ սպասելիքներ կան Սիրիայից մոտ ապագայում: Հնարավո՞ր է արդարություն առանց խաղաղության: Հնարավո՞ր է խաղաղություն առանց պատասխանատվության/հաշվետվության և արդարության/: Ի՞նչ են ուզում սիրիացիները: Ի՞նչ է ուզում միջազգային հանրությունը: Այսօր այս հարցերի շուրջ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ քննարկման մասնակից Միջազգային քրեական իրավունքի մասնագետ Նիկոլաս Քույումջյանը նկատեց, որ հեշտ լուծումներ չկան: Բանախոսին առավել հուզում է այն, թե հակամարտության ավարտից հետո ինչպիսի՞ արդարություն է լինելու`երկու կողմերի համար հավասար, թե՞ հաղթող կողմի համար: Նա նկատում է, որ այս հարցերը կան նաեւ Եգիպտոսում եւ Լիբիայում:

Քննարկումը վարող «Սիվիլիթաս» հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը տարակուսեց`այդ կետին դեռ չենք հասել, վաղ չէ՞ այդ հարցի մասին խոսել: Նիկոլաս Քույումջյանը նկատեց, որ վաղ թե ուշ հակամարտությունն ավարտվելու է եւ իր կարծիքով արդարության մասին առավել ճիշտ է խոսել, քանի որ դա կարող է նաեւ խափանող, կանխարգելիչ ազդեցություն ունենալ:

Մինչդեռ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այդ մոտեցումը համարում է դատախազական, նշելով, որ միջազգային հանրության համար առավել կարեւոր հարց է քաղաքականությունը, ինչի միջոցով պետք է հանգել խաղաղության, ապա, անցնել իրավական հարցերին: Բերելով Լիբիայի օրինակը նա նկատեց, որ առաջնորդին առավել դիմադրող ես դարձնում, անկյուն ես տանում, երբ սկսում են խոսել նրան միջազգային դատարան տանելու մասին: Նա գտնում է, որ Ասադի կառավարությունը պետք է խոսի այն մասին, որ հաշտության պարագայում իշխանությունը բաշխվելու է ու այժմ ամենաքիչը պետք է խոսել արդարության եւ միջազգային դատարանի մասին: Նիկոլաս Քույումջյանը, սակայն, գտնում է, որ Սիրիայի դեպքն այն դեպքն է, երբ արդարության հարցերը պետք է առաջնային համարվեն: Նա չի կարծում, որ այնպիսի դաժան հակամարտության համար, ինչպիսին է սիրիական հակամարտությունը, կարելի է բանակցել առանց արդարության հասնելու, քանի որ կողմերի համար խնդիրն այսպես է դրված`կամ պետք է հաղթես, կամ`մեռնես:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930