Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՞ն գումար կա կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում. մանրամասներ ԿՀԸ արտահերթ նիստից

Ապրիլ 18,2013 14:44

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում քննարկվեցին Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակում ընդգրկված թեկնածու Գուրգեն Վարդանյանի ինքնաբացարկի, ԲՀԿ դիմումի, ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների պաշտոնական պարզաբանումներին, մասնավորապես օտարերկրյա քաղաքացիների, փախստականների ընտրություն կատարելու հարցին վերաբերող խնդիրներին և ՀՀ ԿԸՀ հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հայտարարագրումներին և նախընտրական հիմնադրամներ կատարված մուտքերի հիման վրա կազմված տեղեկանքին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովը քվեարկության դրեց ՕԵԿ թեկնածուի ինքնաբացարկի հարցը և այն ընդունվեց:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, հղում կատարելով ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթներին, պարզաբանեց այն խնդիրը, որն առաջանում է հատկապես ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ընտրությունը կազմակերպելու հարցում: ՀՀ քաղաքացիություն չունեցող մարդիկ, ովքեր ՏԻՄ ընտրությունների անցկացման օրվանից առնվազն 6 ամիս առաջ հաշվառվել են պետռեգիստրում, իրավունք ունեն մասնակցելու ընտրությանը: Սակայն խնդիրն առաջանում է հատկապես նրանց կողմից ներկայացվելիք` անձը հաստատող փաստաթղթերի ճշգրտման ժամանակ: Ուստի Տ. Մուկուչյանը մանրամասնեց. «Անձը քվեարկության պետք է ներկայանա անձնագրով, կամ դրան փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, որը տրված է լիազոր մարմնի կողմից: Մասնավորապես ժամանակավոր կացության, մշտական կացության, ՀՀ հատուկ կացության կարգավիճակով ստացված անձնագրով, ՌԴ քաղաքացիները` ներքին անձնագրով, կամ փաստաթղթով, որը իրավունք է տալիս հատելու պետության սահմանը: Կարող է ներկայացվել ժամանակավոր կամ մշտական կացության քարտ, իսկ ՀՀ հատուկ անձնագրերի նկարագրերը հաստատված են կառավարության կողմից: Փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, քաղաքացիություն չունեցող անձինք` կացության վկայականը»: Որոշումը սահմանում է նաև, թե փաստաթղթի ձևից ելնելով` ընտրության ժամանակ դրվող դրոշմակնիքը փաստաթղթի որ մասում պետք է լինի: Այս որոշումը նիստում ևս ընդունվեց:

Նիստում քննարկման դրվեց նաև ԲՀԿ-ի կողմից ներկայացված դիմումը, որի համաձայն` նախընտրական փուլում Երևանի կենտրոնում անվճար քարոզչական պաստառների փակցնելու գործընթացի ժամանակ առանձին տեղերում ԲՀԿ-ի քարոզչական պաստառների վրա ՕԵԿ-ի պաստառներն են փակցվել: Դիմումով կոչ է արվում վերացնել օրենքի խախտումը: Այս դիմումի վարույթը կարճվեց, քանի որ ինչպես Տ. Մուկուչյանը նշեց, իրենք այս առիթով դիմում են ստացել նաև «Առաքելություն» կուսակցության կողմից, ուստի Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ Երևանի բոլոր վարչական շրջաններում կատարել են շրջայց: ԿԸՀ նախագահը նշեց, որ մի շարք այլ տեղերում ևս ողջամտության սահմանները չէին պահպանվել: Նա նաև տեղեկացրեց, որ խախտումներով տեղադրված բոլոր պաստառները հեռացվել են և զգուշացրեց պահպանել ողջամտություն, այլապես այդ պաստառները վերացվելու են: Նաև տեղեկացրեց, որ այս հիմքով ԲՀԿ-ի դիմում կարճվում է:

ԿԸՀ արտահերթ նիստում ներկայացվեց նաև, թե կուսակցությունների և դաշինքների` նախընտրական հիմնադրամներ որքան դրամական մուտքեր են կատարվել, որքան ծախսվել և ինչ մնացորդ ունեն: Օրինակ` «Առաքելություն» կուսակցության նախընտրական հիմնադրամ մուտքեր չեն եղել, փոխարենը ԲՀԿ նախընտրկան հիմնադրամի մուտքերը կազմում են 40 մլն 10 հազար դրամ, թեկնածուի կողմից ապրանքների և ծառայությունների համար ծախսված գումարը 40 մլն 635 հազար դրամ, ապրանքների ձեռքբերման փաստացի վճարը 37 մլն 715 հազար դրամ: Մնացորդը կազմում է 2 մլն 294 հազար դրամ: «Բարև Երևանի» հիմնադրամի մուտքերը կազմում են 4 մլն 200 հազար դրամ, 2 մլն 295 հազար դրամ ծախսվել է ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար, մնացորդը կազմել է 1 միլիոն դրամ: ՀԱԿ հիմնադրամի մուտքերը 5 մլն 599 հազար դրամ են, ՀՅԴ հիմնադրամի մուտքերը` 5 մլն դրամ , ՕԵԿ հիմնադրամի մուտքերը կազմում են 12 մլն 75 հազար դրամ:

ՀՀԿ հիմնադրամ մուտքերը գերազանցում են բոլոր կուսակցությունների հիմնադրամների մուտքերին` 44 մլն 410 հազար դրամ, ապրանքների և ծառայությունների համար ծախսվել է 61 մլն 618 հազար դրամ, ապրանքների և ծառայությունների դիմաց փաստացի վճարված գումարը 40 մլն 46 հազար դրամ է, իսկ մնացորդը 4 մլն 363 հազար դրամ, պայմանագրային պարտավորությունները 21 մլն 572 հազար դրամ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930