Այսօր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Ելակետ» ակումբում հայտարարեց, որ հուշարձաններ վերականգնելու մշակույթ չունենք: Նրա ասելով, ունենք լավ մասնագետներ, ճարտարապետները գերազանց նախագծեր են անում, սակայն դրանք կյանքի չեն կոչվում: «Ճարտարապետական նախագծից հետո պետք է հեղինակային վերահսկողություն սահմանվի, սակայն շինարարական խմբերը սովորաբար արհամարհում են ճարտարապետներին: Տեղյակ եմ, որ, օրինակ, Աստվածընկալի ճարտարապետը այս առումով դեռ չի կոտրվել»,- ասաց հուշարձանագետը: Նա հավելեց, որ շինարարները փոխանակ հուշարձանի բեկորներն օգտագործեն, հաճախ այլ նյութով են վերականգնում հուշարձանը. «Հավանաբար նոր տաշ ու շարի համար ավելին են վճարում քառակուսի մետրով, քան նախկին քարը տեղը դնելու դեպքում»: Պարոն Կարապետյանն օրինակ բերեց, որ տասներեքերորդ դարի մի եկեղեցու զանգակատան բեկորները դիտմամբ «անհայտացրել» էին, որպեսզի դրանք չմատնեն վիճակը:
Կա՞ որեւէ վերականգնված հուշարձան, որի վերականգնումից մասնագետը գոհ է: Նա հայտնեց, որ Հաղարծնի վանքի ծածկերը հոյակապ են վերականգնել, ու կուզենար, որ այդ շինարարներին կրկին հրավիրեին հուշարձան վերականգնելու:
Հուշարձանագետը ասաց, որ օրերս իրենց կազմակերպության գրասենյակին ահազանգել են Վարագավանքի խայտառակ վիճակի մասին:
Սամվել Կարապետյանի կարծիքով, հոգեւորականների հաշվեկշռում գտնվող հուշարձանները վերականգնման առումով ավելի վատ վիճակում են, քան նրանք, որոնք ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո են: Հուշարձանագետի ձեւակերպմամբ՝ պատճառն այն է, որ հոգեւորականները հուշարձանները դիտարկում են իբրեւ սեփական աշխատավայր ու աշխատասենյակ:
Կարդացեք նաև
«Գնացեք Տաթեւ կամ ավելի մոտիկ՝ Բջնի եւ կհամոզվեք… կարմիր գրանիտով են վերականգնել, ասես հարսանյաց սրահ լինի»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ