Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ կզրկի արեւի լույսից»

Ապրիլ 18,2013 14:14

Ամիրյանի վրա կառուցվող բազմահարկ շենքը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եղբայրը՝ Հայկ Բեգլարյանն է կառուցում:

Այս օրերին Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան 18 ա եւ Ամիրյան 24 շենքերի բակում շինհրապարակ է: Շինհրապարակին կից չկա որեւէ ցուցանակ, որով հնարավոր կլիներ հասկանալ՝ ով է կառուցապատողը եւ ինչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում: Թեեւ մեր՝ շինհրապարակ այցելած ժամանակ շինարարական աշխատանքներն ամբողջ թափով չէին ընթանում եւ միայն ցանկապատված էր տարածքն ու վերամբարձ կռունկ էր կանգնած, բայց շինհրապարակին կից ապրող բնակիչներն արդեն իսկ անհանգստացած էին: Կանաչ տարածքների, շենքերի բակերի ու խաղահրապարակների հաշվին կառուցապատում անելու փաստից աչքները վախեցած երեւանցիները՝ Ամիրյան 18 ա եւ Ամիրյան 24 շենքերի բակի բնակիչները, «Առավոտ»-ի հետ զրույցում մտավախություն հայտնեցին, որ իրենց շենքերին հարակից տարածքում կառուցվելիք բազմահարկ շենքն իրենց բնակարանները կզրկի արեւի ջերմությունից ու լույսից:

«Ասում են՝ 14 հարկանի շենք են սարքելու: Մեր շենքում 90 բնակարան կա, ու այ, էս երկու ծառը»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Ամիրյան 18 ա շենքի լիազոր Ագապի Խաչատրյանը՝ մատնացույց անելով շենքի բակում լայնածավալ կառուցապատումից մազապուրծ եղած մի քանի ծառերը:

Բնակիչների տեղեկություններով՝ կառուցապատողը «Ֆլեշ» ընկերությունն է, եւ ցանկապատված տարածքում «Ֆլեշ»-ը պետք է բազմահարկ շենք կառուցի, ըստ որոշ լուրերի՝ հյուրանոց:

Ամիրյան 18 ա շենքի բնակիչ Մնացական Ավագյանն անհանգստացած է ավելի շատ այն փաստով, որ իրենց եւ հարակից շենքերի խիտ կառուցապատման պատճառով արտակարգ դեպքերի ժամանակ հրշեջ կամ շտապօգնության մեքենաները ուղղակի ի վիճակի չեն լինի հասնել դեպքի վայր:

Նույն շենքի բնակիչ 80-ամյա Վրեժ Հովհաննիսյանն իր ձեռքի տակ ունի այն բոլոր դիմում-բողոքները, որոնք հասցեագրվել են պետական մարմիններին: Հարկ է նշել, որ պատկան մարմինների շրջանակը, որոնց հասցեագրվել են բնակիչների դիմում-բողոքները, բավականին լայն է՝ ՀՀ նախագահից մինչեւ Մարդու իրավունքների պաշտպան:

Բնակիչների խոսքերով՝ իրենց դիմում-բողոքների պատասխան-նամակներում բնակիչների հարցերին հստակ պատասխաններ չեն տրվել, իսկ Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուների ուղարկված պատասխան-նամակում նշված է եղել, որ տվյալ տարածքում ոչ մի շինարարական աշխատանք չի իրականացվում: Ստացվում է՝ կամ վարչական շրջանի ղեկավարությունը թաքցնում է կառուցապատման փաստը, կամ լավ չի տիրապետում, թե իր տարածքում ինչ է կատարվում: Այս հանգամանքն ավելի է շարժել բնակիչների դժգոհությունն ու զայրույթը:

Ամիրյան 24 եռահարկ շենքի բնակիչ Մուշեղ Դանիելյանը, որի բնակարանը գտնվում է շենքի վերջին՝ երրորդ հարկում, մեզ հետ զրույցում ասաց. «Մենք որեւէ բանից տեղյակ չենք, որ իմանանք, թե ինչ է կառուցվում, ո՞վ ա մեզ բան ասում որ»: Նույն շենքի առաջին հարկում բնակվող տիկին Ամալյայի բնակարանն ամենամոտն է գտնվում ցանկապատված տարածքին:

«Էնքան խնդրեցի, որ էս ցանկապատը մի քիչ հեռու դնեն, թողնեն մի քիչ շունչ քաշեմ: Էս շոգին ստեղ կարա՞ մարդ ապրի»,- իր դժգոհությունն արտահայտեց տիկին Ամալյան, որը մինչ տարածքը ցանկապատելը հասցրել էր մի քանի ծառ տնկել ու խնամել իր տնամերձ տարածքը:

Նրա ասելով՝ բանվորներն, այնպես են ցանկապատել տարածքը, որ իր նորատունկ ծառերից երկուսը հայտնվել են ցանկապատից ներս ու մնացել անխնամ:

«Առավոտի» հարցին, թե ինչ է կառուցվելու նշյալ հասցեում եւ ով է կառուցապատողը, Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից մեզ փոխանցեցին, որ 2013 թվականի մարտի 18-ին կառուցապատող Հայկ Բեգլարյանին տվյալ տարածքում քաղաքապետարանի կողմից 4 ստորգետնյա եւ 15 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի համալիրի շինարարության թույլտվություն է տրվել: Ըստ նույն աղբյուրի՝ առկա են Երեւանի քաղաքապետարանի հետ 18.03.2013թ. համաձայնեցված հ.01/18-05/2-Բ-2543-201 նախագիծն ու կառուցապատող Հայկ Բեգլարյանին 18.03.2013թ. տրված հ.01/18-Բ-2444-220 շինարարության թույլտվությունը, իսկ նշված հասցեում իրականացվող կառուցապատման համար անհրաժեշտ շինարարական հրապարակը կազմակերպվել է հիշյալ նախագծով նախատեսված պահանջներն ապահովելու համար:

ԱՇՈՏ ԱԹԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930