Թերեւս այսպես կարող էր վերնագրել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ռեգնումյան հարցազրույցը, որում Հայաստանի արտաքին քաղաքականությանը անդրադարձ կատարելիս նշում է, որ առաջին հերթին «մենք» պետք է որոշենք, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Անշուշտ, վերջին շրջանում ԲՀԿ-ի անորոշ պահվածքը մղում է Օսկանյանին՝ «մենք պետք է որոշենք ինչ ճանապարհով ենք գնում» հարցադրմանը, սակայն կխնդրեի այդ «մենքի» մեջ Հայաստանի գործող իշխանություններին ու արտաքին քաղաքականությանը չխառնել։ Յուրաքանչյուր անգամ Օսկանյանի հրապարակային ֆանտաստիկ մտքերին ծանոթանալով՝ մտածում եմ՝ իսկ ի՞նչն է ստիպում նախկին արտգործնախարարին խոսել բաներ, որոնք առաջ են բերելու առնվազն տարակուսանք ու կոշտ անդրադարձ: Մի՞թե Օսկանյանը վերջնականապես որոշել է ձգել ԲՀԿ-ին դեպի ընդդիմադիր դաշտ:
Այո՛, երեւի թե հարատեւ իշխանամետությունից հետո խառն այլընտրանք խաղալը պահանջում է որդեգրել մոտեցումների եւ գործիքների նոր համալիր, սակայն դա բնավ չի արդարացնում այդ նույն ճանապարհին իշխանության ցանկացած քայլ կասկածի տակ դնելն ու զրպարտելը։
Ուզում եմ հայտնել պարոն Օսկանյանին, որ ինչպես եւ նախորդ հինգ տարիներին, առաջիկայում էլ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվելու է նախաձեռնողական կուրսով, որի իսկական էությունը 10 տարի արտգործնախարար եղած անձը այդպես էլ «չփորձեց» կամ «չցանկացավ» ըմբռնել՝ փոխարենը շարունակելով իր՝ օսկանյանական կոմպլեմենտարիզմի գովքն անել։ Կոմպլեմենտարիզմ, որն Օսկանյանն իր «դասախոսություններից» մեկի մեջ բնութագրեց հետեւյալ կերպ. «Հայաստանը մերժում է ընտրություն կատարել գլոբալ եւ լոկալ գործընկերների միջեւ, այլ փոխարենը այդ բոլոր գլոբալ եւ լոկալ ուժերի շահերի հաշվի առնողն է»։ Այս դեպքում ճիշտ կլիներ գեղեցիկ հնչող կոմպլեմենտարիզմ բառի փոխարեն ուղղակի կիրառել բոլորին հասկանալի «անողնաշարություն», իրականում «շիլաշփոթություն» բառը։
Պիտակավորելով անկախ Հայաստանի արտաքին քաղաքական տարբեր կուրսերը՝ Օսկանյանը փորձում է տերմինների միջոցով բովանդակություն եւ գաղափարական հենք հաղորդել դրանց՝ մոռանալով ուշադրություն դարձնել բուն գործընթացների վրա։
Կարդացեք նաև
Կարո՞ղ է արդյոք անվտանգության խնդիր ունեցող պետությունը հրաժարվել ռազմավարական գործընկեր ունենալուց կամ որեւէ ռազմաքաղաքական վեկտորի չհարելուց: Չի կարելի գործել՝ հաշվի առնելով, բացի սեփականից, մնացած բոլոր «խաղացողների» շահերը, սոսկ ընդունել մարտահրավերները քո սեփական դաշտում: Պիտակավորելով արտաքին քաղաքականությունը՝ ո՛չ նրան գաղափարական հենք ես տալիս եւ ո՛չ էլ հաջողությունն ես երաշխավորում: Հայաստանում, ինչպես նաեւ ողջ աշխարհում, փորձագետների մեծ մասն այսօր քաղաքականության տարբեր ուղղություններին անդրադառնալիս հաջողված են համարում Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը: Այն այսօր գնահատվում է նաեւ որպես յուրօրինակ մոդել, որը կայունության ու երկարատեւ գործընկերության մեծ երաշխիքներ է տալիս:
Օրինակ՝ Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով՝ Օսկանյանը նշում է, որ հնարավոր չէ սպասել այնքան, մինչեւ Ադրբեջանը ռազմական ճանապարհով կլուծի խնդիրը։ Իհարկե, դա այդպես է, եւ հենց այդ պատճառով էլ վերջին հինգ տարիներին Հայաստանի իշխանությունները ջանք չխնայեցին բանակցություններում օսկանյանական 10-ամյակի լճացման հետեւանքները վերացնելու ուղղությամբ։ Ի տարբերություն այդ տարիներին առկա կարգավորման իրարամերժ տարբերակների առկայությանը եւ միջնորդների մոտեցումների տարբերությանը՝ վերջին հինգ տարիներին կա եւ շարունակում է մնալ կարգավորման մեկ սցենար՝ հիմնված խաղաղության պահպանման հրամայականի եւ Արցախի համար ինքնորոշման իրավունք տրամադրելու պահանջի վրա։ Հինգ տարիների ընթացքում նույն մոտեցմանը հետեւողական մնալու արդյունքում մենք կարողացանք հասնել այդ հարցում միջնորդների միասնական դիրքորոշման, ավելին՝ այդ ամենի տակ ստորագրել տվեցինք Ադրբեջանին, եւ ոչ մեկ անգամ։ Իսկ թե ինչ անորոշություն էր տիրում Օսկանյանի ժամանակ, կարող եք ինքներդ ծանոթանալ նրա, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների տխրահռչակ հայտարարություններից։
Դրան զուգահեռ՝ հաջողությամբ ընթանում են Արցախի անկախության ճանաչմանն ուղղված քայլերը։ Հայկական պետությունը սկսել են ճանաչել ԱՄՆ եւ Ավստրալիայի նահանգները, Լիտվայի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ստեղծվել են Արցախի հետ բարեկամության խմբեր, Արցախ են այցելում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, ապա պետք է հիշեցնենք, որ վերջին հինգ տարիներին է Հայաստանը հատկապես նյութականացրել ՀԱՊԿ-ի հետ իր անդամակցությունը բազմաթիվ պայմանագրերի նախաձեռնության, արագ արձագանքման եւ հակաճգնաժամային ուժերի ստեղծման եւ փոխադարձ պարտավորությունների առարկայացման ուղղությամբ։ Նկատենք, որ սրան զուգահեռ բնավ չեն տուժել, այլ խորացել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը, ինչի մասին հայտարարում են նաեւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները։
Ռուսաստանի հետ հարաբերությունների բնորոշման մեջ Օսկանյանի գնահատականները ուղղակի հարցեր են առաջացնում նրա ադեկվատ գնահատման ունակության նկատմամբ։ Փոխադարձ այցերի սառնության մասին խոսում է մեկը, ով իր պաշտոնավարման երկարուձիգ տարիներին ռազմավարական գործընկերներ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոնե մեկ պետական այց չի կարողացել իրականացնել, եւ դրանք իրականություն են դարձել միայն 2010 եւ 2011թթ., այսինքն՝ ներկայիս իշխանությունների օրոք։ Որպեսզի Օսկանյանը իր ավանդական հակասականությամբ չփորձի դրեյֆել եւ ասել, որ միայն այցերով չի որոշվում հարաբերությունների մակարդակը, ավելացնենք, որ նաեւ վերջին տարիներին է կտրուկ ավելացել ռազմաքաղաքական համագործակցությունը ռազմավարական դաշնակցի հետ, ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրում կատարվել են Հայաստանի անվտանգությունն ամրապնդող էական փոփոխություններ, սկիզբ է դրվել ռազմաարդյունաբերական համագործակցությանը, ձեռք է բերվել ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման շուրջ պայմանավորվածությունը, առեւտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդը։
Օսկանյանը ՀՀ ներկա արտաքին քաղաքականությունը որակում է որպես ոչ բավարար չափով հրապարակային՝ նշելով, թե իբր ներկայումս ՀՀ դիրքորոշումը տարբեր հարթակներում հստակորեն չի նշվում: Կարծում եմ՝ իրեն բավական փորձառու համարող դիվանագետի համար պարզ պետք է լինի այն, որ ավելի քան որեւէ այլ ոլորտում, հենց դիվանագիտության ասպարեզում է, որ գործող սուբյեկտներին գնահատելիս առաջնայնություն պետք է տալ կատարվող քայլերին, այլ ոչ թե հրապարակային, հաճախ զուտ ներքին պահանջարկը բավարարելուն միտված հայտարարություններին: Իսկ կատարված քայլերի առումով վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը, ընդունելով ՀՀ ազգային կենսական շահերը որպես գործունեության հիմնասյուն, աչքի է ընկնում հավասարակշռված եւ բոլոր ուղղություններով ակտիվ եւ նախաձեռնողական կեցվածքով: Պատահական չէ, որ իր հարցազրույցում նախկին արտգործնախարարը դժվարանում է նշել որեւէ կոնկրետ քայլ, որի հետ ինքը համաձայն չէ, կամ որը, ըստ նրա, հակասում է ՀՀ պետական շահերին: Դժվարանում է, քանզի իրավիճակի սթափ գնահատումը ցույց է տալիս, որ այսօր հնարավորինս բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է հաստատված բոլոր գործընկեր երկրների հետ:
Օսկանյանը հավանաբար մոռացել է, որ դեռ ոչ վաղ անցյալում իր մամլո խոսնակները եւ գործընկերները փորձում էին պարզաջրել իրենց իսկ նախարարի իրարամերժ մեկնաբանությունների անհեթեթությունները, որոնք նախանձելի պարբերականությամբ կրկնվում էին: Ոչ ոք չի մոռանում «օկուպացված տարածքներ» արտահայտության նկատմամբ նրա «թուլությունը», ինչը ոչ մեկ անգամ է նա արտաբերել, թեկուզեւ հետագա բացատրությունները տեղափոխվեցին թարգմանչաց դաշտ:
Զարմանալի են դիլեմաների մասին Օսկանյանի ենթադրությունները, թե իբր Հայաստանը դիլեմաների առաջ է կանգնած ՌԴ-ի եւ Արեւմուտքի, Իրանի եւ ԵՄ-ի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Օսկանյանը ուղղակի մոռացել է ժամանակի բնական հատկությունների մասին եւ հարցազրույց է տալիս՝ գտնվելով 2000-ականի սկզբներին։ Հայաստանն այն բացառիկ երկիրն էր, որ 2008թ. պատերազմից հետո կարողացավ ճիշտ քաղաքականության շնորհիվ, այդ անասելի բարդ իրավիճակում օգտակար լինել կողմերին՝ մեղմելու կոնֆլիկտի հետեւանքները, եւ նաեւ այսօր կարգավորվող հարաբերություններում մենք ունենք մեր լուման։
Իրանի հետ կառուցողական հարաբերությունները շարունակվել են բնականոն հունով, եւ դրան չի կարողացել խոչընդոտ լինել Հայաստան-ԵՄ աննախադեպ մերձեցումը Ասոցացման համաձայնագրի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում, որտեղ, ի դեպ, Հայաստանն այնպիսի հաջողություններ գրանցեց, ինչպիսին չէր ենթադրում անգամ եվրոպացի ամենալավատես պաշտոնյան։
Իշխանության (թեկուզ եւ տեղական ինքնակառավարման մակարդակում) համար պայքարի ճանապարհին երկրի արտաքին քաղաքականության քննադատությունը եւս ընդունելի մարտավարական հնարք է եւ չի կարող զարմանալի թվալ: Զարմանալի չէ նաեւ այն, որ դա փորձ է արվում անել անհոգ ու նոստալգիկ անցյալին ի հակադրություն մշուշոտ ներկայի կերպար ստեղծելու միջոցով: Զարմանալի է, թերեւս, հետեւողականության եւ սկզբունքայնության բացակայությունն այդ քննադատության մեջ: Այլապես ինչպես կարելի է բացատրել այն, որ Օսկանյանը մեղադրում է իշխանություններին Թուրքիայի նկատմամբ պահանջատիրական քաղաքականությանը զուգահեռ՝ սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված քաղաքականություն չվարելու մեջ: Իսկ մի՞թե Հայաստանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական գործընթացն այս սկզբունքի գործնական կիրառման վկայությունը չէր: Ի դեպ, այդ նույն գործընթացին եւս, ի տարբերություն միջազգային հանրության, պարոն Օսկանյանն արձագանքեց սուր քննադատությամբ՝ մոռանալով, թե Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների հետ իր հանդիպումներում ինչ արդյունքների է հասել, թեեւ ո՞վ գիտի, թե ինչի մասին էր Օսկանյանը նրանց հետ խոսում: Սա եւս խոսում է այն մասին, որ գոնե ներկա շրջանում նախկին արտգործնախարարի վերլուծություններում առաջնայինը ոչ թե իրավիճակի օբյեկտիվ գնահատումն ու այլընտրանքային լուծումների առաջարկումն է, այլ միայն ամեն գնով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը վարկաբեկելն ու այդ հիմքի վրա սեփական գործունեության վերաբերյալ լուսավոր հիշողությունների կերտումը:
Թեեւ երկար կարելի է խոսել՝ համեմատելով նախորդ եւ ներկա արտաքին քաղաքական կուրսերի անհամեմատելին, սակայն նախկին արտգործնախարարին խորհուրդ կտայի հաջորդ անգամ մամուլին իր ենթադրություններն ու ցանկությունները հանձնելուց առաջ վերջապես կողմնորոշվել՝ «իրենք ինչ ճանապարհով են գնում»։ Չի կարելի շարունակ մերժել: Հոգեբանները լավ գիտեն, թե այդ բարդույթը որքան վտանգավոր հետեւանքների է հանգեցնում:
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
«Առավոտ» օրաթերթ