Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի եւ Հայաստանից գողացած գումարների մասին

Ապրիլ 18,2013 13:54

Իսկ որտե՞ղ է հիմա Լուժկովը

«Վերջին շրջանում ես խուսափել եմ հայաստանյան ներքաղաքական կյանքին գնահատականներ տալուց, բայց 2006 թվականի իմ մի հրապարակման մեջ ես առաջարկ էի ներկայացրել Ստեփան Դեմիրճյան-Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական դաշինքի ստեղծման, քանի որ, մեծ հաշվով, ինձ այդքան էլ հետաքրքիր չէ, թե որ քաղաքական դեմքն ինչ կոնկրետ գործողություններ է կատարել, այլ առավել կարեւոր եւ հատկանշական է նրա եւ նրա ընտանիքի հիմքի ազնվությունը: Ես այսօր լավ հասկանում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովուրդը ձայն է տվել նրա համար, որ հոգնել է կաշառքից ու թալանից: Իսկ դրա հիմքն այն է, ինչի համար պայքարում ենք մենք»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց ՌԴ մարդու իրավունքների պաշտպանի նախկին խորհրդական, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: «Առավոտի» դիտարկումը վերաբերում էր նրան, որ Հայաստանում ծավալված հետընտրական իրադարձությունների արդյունքում արեւմտյան ուղղության կրող ընկալվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պաշտոնական արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը, որոշեց գնալ Մոսկվա, ինչը ոչ միանշանակ ընկալվեց եւ մեկնաբանվեց Հայաստանում: Ի դեպ, պարոն Խաչատրյանը ներկայումս ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի ղեկավար, գեներալ-գնդապետ, ՍՍՀՄ եւ ՌԴ հերոս Վլադիմիր Մամաեւի խորհրդականն է: Իսկ այդ կազմակերպությունը Հայաստանում գրանցված եւ գործող, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Ազգային ճակատ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության եւ համանման միջազգային մի շարք կազմակերպությունների հետ ձեռնամուխ են եղել չինովնիկների՝ իրենց երկրներից գողացած գումարները միջազգային դատարանի միջոցով բռնագանձելու եւ ազգայնացնելու գործին:

Արբակ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է ինքը, թե ի վերջո, իրականում ի՞նչ հանդիպումներ է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում, եւ որքանով էին դրանք լուրջ, մանավանդ, որ իր այցից երկու օր առաջ նա հայտարարել էր թե գնալու է Մոսկվա եւ պարոն Պուտինից բերի հայ ժողովրդի հաղթանակը: «Ինձ չի հետաքրքրում՝ կհանդիպե՞ր Պուտինին, թե՞ ոչ: Պարզ է, որ նման հանդիպում չէր լինի, քանի որ դա ավելի մեծ քաղաքական հարված կլիներ: Միգուցեեւ էմոցիաներն են ստիպել Րաֆֆիին այդ կերպ արտահայտվել: Բայց եթե Րաֆֆին գնար Վաշինգտոն, բոլորը կասեին՝ գնացել է CIA-ին հաշիվ տալու: Րաֆֆին մի իրավիճակում էր հայտնվել՝ այդքան տանջանք, այդքան սովի էր մատնվել, չգիտեր ի՞նչ անել՝ ժողովրդի՞ն հարվածի տակ դնել, թե՞ դուրս գալ այն վիճակի, որ իր ընտանիքն ու իր մտերիմները հարված ստանային… ու թռնել Մոսկվա՝ թեկուզ պաղպաղակ ուտելու… Վաշինգտոնը լրիվ այլ մեկնաբանություն կստանար, իսկ Մոսկվան ոչ ոք չհասկացավ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ եւ ԱՄՆ-ում, եւ ՌԴ-ում մոտ երեք միլիոնանոց հայ համայնք ունենք, ուստի, իբրեւ քաղաքական դեմք, Րաֆֆին կարող էր գնալ նաեւ Մոսկվա:

Արբակ Խաչատրյանը փաստում է, որ պաշտոնական հանդիպումներ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում չէր կարող ունենալ, միայն՝ ընկերական, խորհրդի կարգով, քանի որ եթե Վաշինգտոնը կամ Մոսկվան Րաֆֆիի թիկունքում լինեին, երբեք նա չէր հայտնվի այն իրավիճակում, որում հայտնվեց: Ընդհանրապես, մեր զրուցակիցն ասում է, որ «քաղաքական դեմք» հասկացողության սեփական պատկերացումներն ունի. «Ես կցանկանայի, որ մեր երկրի նախագահը լիներ սովորական ուսուցիչ մի կին կամ տղամարդ: Ես չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր ցույց են տալիս, որ այնքան խորամանկ են ու կյանքից այնպես են հասկանում, որ ամենածանր դրության մեջ կարող են միլիոններ աշխատել ու «լավ պառկել» մի գերտերության նախագահի կամ ղեկավարի տակ: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այսօրվա մեր քաղաքական դեմքերը քաղաքական հարցեր մշակեն: Իրենք չգիտեն՝ դա ինչ է: Այսօր բազարների, խանութների տերերը պատգամավորներ են դարձել»: Մեր զրուցակիցը հիշում է 2006 թվականին տված իր հարցազրույցներից մի դրվագ, որտեղ կարծիք էր հայտնել, թե Հայաստանի դեսպանները զբաղված են չինովնիկներին, պաշտոնյաներին ընդունել-ճանապարհելով, նրանց տիկնանց խանութներ ուղեկցելով՝ ինչպե՞ս կարող են նրանք Կրեմլում կռիվ տալ Հայաստանի շահերի համար: Խաչատրյանն այն համոզմանն է, որ ամեն ինչի հիմքը պետք է մաքուր լինի, իսկ ընթացիկ սխալներն ինքնըստինքյան կուղղվեն: Ու այն, որ այսօր իրենք լծվել են կոռուպցիայի դեմ պայքարին, բնավ էլ նպատակ չունի ուժի, ազդեցության ցուցադրման կամ ինչ-որ մեկին թշնամի հռչակելու. «Միակ նպատակն այն է, որ ժողովուրդը հավատա՝ գողը պատասխան է տալու հենց ժողովրդին, վաղ թե ուշ»: Մեր հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում «Ազգային ճակատ» հակակոռուպցիոն կազմակերպության դիմում-բողոքը՝ ուղղված ՌԴ նախագահին եւ ՀՀ-ում հավատարմագրված այլ երկրների դեսպաններին, իրավապաշտպանն ասաց. «Ես դա իբրեւ դիմում-բողոք չեմ ընկալում, ավելին՝ դա մեղադրանք է՝ ուղղված այդ երկրների ղեկավարներին, որոնք իրենց համակարգն են մաքրում նմանատիպ երեւույթներից՝ միաժամանակ բարենպաստ պայմաններ ստեղծելով հայաստանցի շողոքորթների համար: Հայաստանում ամեն ինչի հիմքը դարձել է միայն փող աշխատելը: Իսկ այդպես համաշխարհային մրցակցության մեջ մտնել չես կարող: Կատարյալ զոմբիացման պրոցես է ընթանում, ինչն ահռելի վտանգ է ներկայացնում: Դրսից եկած գումարներն ուղղակի բաժանվում են բանկերի մեջ, ու իրենք իրենց դրանով հարուստ են զգում, կարծում են, թե իրենք են այդ գումարն աշխատել: Մինչդեռ Ադրբեջանն այսօր իր ողջ ներուժը դրել է իր «մշակույթը եւ պատմությունը» ներկայացնելու համար»: Պարոն Խաչատրյանը նորանկախ Հայաստանի հաշվին հարստացած իշխանավորներին զգուշացնում է, որ իրենց կեղտոտ գործունեության համար պատասխան են տալու նաեւ իրենց ընտանիքը, զավակները: Կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպությունների հիմքում նաեւ նման սկզբունք կա: Ու ցավով նշում է, որ արտասահմանում ուսանող նրանց երեխաները ստիպված կլինեն դադարեցնել իրենց ուսումը, քանի որ ուսումնական հաստատությունները կհրաժարվեն իբրեւ վարձավճար ընդունել սեփական երկրներից գողացված գումարները:

Ապրիլի 4-ի համարում «Առավոտն» արդեն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների գործունեությանը: Մեծ թերահավատություն առաջացրեց այն հանգամանքը, որ կոռուպցիայի դեմ պայքարելու փորձը արվում է հասարակական կազմակերպությունների մակարդակով, որոնք, ըստ էության, ազդեցության լծակներ չունեն: Արբակ Խաչատրյանը հակադարձում է. «Պատճառն այն է, որ պետական կառույցն իրավունք չունի այլ պետության տարածքում գործողություն իրականացնելու: Ու այստեղ, կարծում եմ, ամենագլխավոր իրողությունն այն է, որ գործընթացը գլխավորում է հասարակությունը, ոչ թե ինչ-որ «օպեր»: Իսկ ՌԴ-ն հասկացավ, որ իր երկրի փրկության գրավականն այն է, որ հասարակությունը հավատա եւ փրկվի: Տա Աստված, որ մենք էլ գանք այդ գիտակցությանը: Պուտինը հասկացավ, որ եթե մարդն իր միլիարդները պահում է արտասահմանում, ուրեմն ամեն րոպե պատրաստ է փախչնել: Մի՞թե դժվար է դա հասկանալ: Ես ստիպված եմ այսօր վախեցնել, որպեսզի գողացված միլիոնները հետ գան: Լուժկովի իրավաբաններից հզոր իրավաբաններ չկային: Բայց գործը քանդվեց, ու այդ տարիքով մարդն այսօր իր կնոջ հետ վախեցած ապրում է, թե որ օրն իրեն ու իր զավակներին կձերբակալեն: Դա կյանք չէ»:

Մեր զրուցակիցը կոռումպացված հայ չինովնիկների անուններ չի տալիս ու ոչ թե այն պատճառով, որ վախենում է նրանցից, այլ ասում է, որ իր պայքարը անձերի դեմ չէ, համակարգի դեմ է: Այս իմաստով Արբակ Խաչատրյանն ուշագրավ է համարում այն, որ իր երդմնակալության արարողության ժամանակ Սերժ Սարգսյանն այդպես էլ չխոսեց կոռուպցիայից, դրա դեմ պայքարից, քանի որ նրա ունկնդիրները ի վիճակի չէին ընկալել, որ կոռուպցիան այսօր Հայաստանում դարձել է ազգային անվտանգության խնդիր: Խաչատրյանի համոզմամբ՝ ամեն դեպքում պետք է ունենալ այդ քաղաքական կամքը եւ կատարել քայլեր, որոնք կարող է այսօր չընկալվեն, բայց տարիներ անց մարդիկ կհիշեն, որ դա քո քայլն էր: «Հայաստանն իմ հայրենիքն է, իմ օրրանը, եւ ես չեմ կարող անտարբեր մնալ այս իրողություններին»,- ասում է Արբակ Խաչատրյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նուշիկ Միքայելյան says:

    Բացի վերնագրից՝ մնացածը հասկանալի էր…Վերնագիրը ընթերցողին այլ տեղ է տանում…Հույս ունեմ, որ «տպագրական» սխալ էր…Մի գուցե պետք էր գրել «գողացվա՞ծ»…

  2. Կիսում եմ Նուշիկի մատնանշումը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930