Լրահոս
Օրվա լրահոսը

12.000 փաստաթուղթ եւ 30.000 որբի գործ` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ (Տեսանյութ)

Ապրիլ 18,2013 13:39

Հայաստանի ազգային արխիվը շարունակում է հրապարակել ցեղասպանությունը վերապրածների վկայությունները

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ արխիվն այսօր փաստաթղթային ամենամեծ պահոցն է, որտեղ կան Հայոց ցեղասպանությանը  վերաբերող  փաստաթղթեր` թվով 12.000: «Դրանք բաժանվում են մի քանի խմբի, օրինակ` պետական փաստաթղթեր եւ ցեղասպանությունը վերապրածների վկայություններ, որոնք ամենաարժեքավորն են եւ մեծաքանակը: Վկայություններում տեղեկություններ կան նաեւ մարդկանց կրած նյութական եւ մշակութային կորուստների մասին»,-ասաց Վիրաբյանը` հավելելով, որ արխիվում պահվում են նաեւ աշխարհի մի շարք երկրների արխիվներում գտնվող եւ 1915թ. դեպքերը ներկայացնող փաստաթղթերի պատճենները. «Բուլղարիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան, ԱՄՆ-ն, Գերմանիան եւ այլ երկրներ այդ ժամանակ դեսպաններ են ունեցել Թուրքիայում, որոնք հաղորդագրություններ են ուղարկել Թուրքիայում կատարվող դեպքերի, այդ թվում՝ հայերի տեղահանության եւ կոտորածի մասին»:

Ամատունի Վիրաբյանի համոզմամբ` ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի մասին տվյալն ընդամենը վիճակագրություն է, եւ այլ է խնդիրը, երբ վերապրածն ինքն է հիշատակում իր կորուստների եւ ցեղասպանությունից փրկվելու մասին. «Այժմ հրապարակվում են այդ պատմությունները: Նախորդ տարի լույս տեսավ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ» եռհատորյակը, իսկ այս տարի նախապատրասվում են գրքի 4-րդ եւ 5-րդ հատորները: Եռհատորյակը թարգմանվում է  անգլերեն եւ թուրքերեն: Թարգմանությունները լույս կտեսնեն մինչեւ 2015թ.»:

Ազգային  արխիվի տնօրենը տեղեկացրեց, որ ստեղծվում եւ համացանցում է տեղադրվում ցեղասպանության զոհերի անունների շտեմարանը. «Այս  հարցում, մենք , իհարկե, ուշացել ենք, որովհետեւ ցեղասպանություն տեսած սերունդը չկա, սական փորձելու ենք  տվյալներ գտնել գրականությունից, թերթերից եւ որբերի մասին տեղեկություններից: Ներկայումս կա 30.000 որբի (ԱՄՆ որբանոցներ) գործ, որոնցում տեղեկություններ են տրվում որբերի ծնողների մասին: Այսինքն՝ կարող ենք մոտ 60.000 անուն ճշգրտել: 1,5 միլիոնի անունները չենք կարող ճշգրտել, բայց արդեն ունենք մոտ 200.000 անուն` բնակավայրով եւ ծննդյան թվով»:

Ամատունի Վիրաբյանը նաեւ հայտնեց, որ իրականացվում է ցեղասպանություն ապրածների 2-րդ սերնդի պատմությունների տեսագրություն, որը հետագայում կներկայացվի ֆիլմերի տեսքով. «Մարդիկ պատմում են, թե ինչ են լսել իրենց ծնողներից: Արդեն կա մոտ 200 ժամ տևողությամբ տեսագրություն»:

Հայաստանի ազգային արխիվը նաեւ ցեղասպանության մասին շարժական ցուցահանդեսների ծրագիր ունի: «Շարժական ցուցահանդեսները կփոխանցվեն ՀՀ դեսպանատներին, որոնք էլ կկազմակերպեն ցուցադրություններ»,-ասաց պարոն Վիրաբյանը:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930