Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը ստախոս անվանեց Խոսրով Հարությունյանին եւ ժամադրեց Օղակաձեւ զբոսայգում

Ապրիլ 18,2013 12:54

«Մեր իրականության մեջ կուտակվել են բազում խնդիրներ: Այդ խնդիրները վերջին մի քանի տարիների խնդիրները չեն: Այդ նույն օլիգոպոլիան պոկենք իշխանությունից, քաղաքական տանիք, կռիշովանիա, այդ բոլորը եկել են 90-ականներից: Մեր կանաչ տարածքները ե՞րբ սկսվեցին անխնա բիզնես նպատակներով օգտագործվել՝ 1993- 1995 թվականներից: Օղակաձեւ այգին առաջին անգամ հատկացվեց այդ նպատակով: Օպերայի շրջակայքում կար հանրային զուգարան , սեփականաշնորհվեց սրճարան սարքելու համար: Դալմայի այգիներում, բաղերում առաջին առանձնատները ե՞րբ հայտնվեցին: Վերցրեք ու տեսեք՝ ո՞վ էր այդ ժամանակ քաղաքապետը, ով էր մոտ իշխանությանը… Իհարկե, Վահագն Խաչատրյանը» ,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքերով, պետք է հիմքեր ունենաս քննադատության համար. «Եթե ոմանց թվում է ազգաբնակչությունը հիշողությունը կորցրել է, ամնեզիա ունի, այդպես չէ»:

«Խոսրո՞վն է ասում, ինքը խաբում է ուղղակի: Թող մանիպուլյացիաների չենթարկի մարդկանց: Ինքը շատ լավ գիտի, որ այդ ժամանակ չի եղել: Եթե շատ լավատեղյակ է, թող պաշտոնապես փաստեր հրապարակի, որին պատասխանը կարող եմ տալ՝ 1992-ի դեկտեմբերից մինչեւ 1996-ի փետրվարի վերաբերյալ: Թող հրապարակի փաստեր, որ դա տեղի է ունեցել Վահագն Խաչատրյանի ժամանակ: Ես նույնը կարող եմ Վանոյի ժամանակ էլ ասել»,- Aravot.am-ին ասաց ՀԱԿ քաղաքապետի թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նա ասաց՝ պատրաստ է հրապարակել, թե Օղակաձեւ այգու կառուցապատումը երբ ու որ քաղաքապետի ժամանակ է սկսվել. «Եթե նրան շատ է հետաքրքրում, կարող եմ ասել թե ում ու ինչի համար են տվել տարածքները: Հիմա չեմ ասի, թող ինքը հրապարակի, ես պատասխանը կտամ: Իրեն եմ դիմում եւ կարող եմ հրավիրել այն տեղը, որտեղ ինքը հարմար է գտնում Օղակաձեւ զբոսայգում եւ թող ասի, որ սա տեղի է ունեցել Վահագն Խաչատրյանի գործադիր կոմիտեի որոշման արդյունքում… Եթե Խոսրով Հարությունյանը մտածում է՝ դրա մասին մենք չգիտենք ու ուզում է ձեռքերը լվանալ, չի լինի»:

Պարոն Խաչատրյանը նաեւ հերքեց, թե առաջին անգամ հողատարածքների անօրինական սեփականաշնորհումները կրկին իր ղեկավարության ժամանակ են սկսվել. «Ոչ, միանշանակ ոչ: Իրականությանը չի համապատասխանում»:

Ինչ վերաբերում է Դալմայի այգիներում առաջին առանձնատների կառուցմանը, պարոն Խաչատրյանը կրկին հերքեց՝ պնդելով, որ դեռ 90-ականներին քաղաքային խորհրդի որոշ պատգամավորներով լուրջ աշխատանքներ են տարել այգիները պահպանելու ուղղությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930