Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորին դուր չեն գալիս «առանձին անհատների» հայտարարությունները

Ապրիլ 18,2013 12:43
mkrtich minasyan

Ամփոփելով Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի անցած փուլը, ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր «Ազդակ » ակումբում ասաց, թե դրական է գնահատում այն իրողությունը, որ այս ընտրություններին մասնակից քաղաքական դաշտն առավել ներկայացուցչական է, մասնակից քաղաքական ուժերի առավել լայն ներկապնակ կա, ի տարբերություն նախագահական ընտրությունների: «Առանձին դեպքեր եթե հաշվի չառնենք, քարոզարշավն ընդհանուր առմամբ ընթանում է օրենքի ե տրամաբանության սահմաններում: Քաղաքական ընկալումները կարծես չափազանցված չեն, որոշ դեպքերում առանձին մարդիկ թույլ են տալիս բաներ, որոնք այնքան էլ հարիր չեն ընդհանուր մթնոլորտին, որը գոյություն ունի: Ցավոք, առանձին կուսակցություններ ընդամենը զբաղված են այլոց բոստանը քար նետելով»,- ասաց բանախոսը`հավելելով, որ իր համոզմամբ, ամենքը պետք է զբաղված լինեին իրենց ծրագրերը ներկայացնելով:

Մինասյանը շատ է կարեւորում տեղական կառավարման ինստիտուտը, հետեւաբար, գտնում է, որ քաղաքական ուժերն առավել պետք է շեշտադրում անեն իրենց ծրագրերի վրա, որպեսզի երեւանցին ավելի հստակ ընտրություն կարողանա կատարել:

Aravot.am-ի խնդրանքին`հստակեցնել ո՞ր անհատների հայտարարությւոններն իրեն դուր չեն գալիս եւ ո՞ր ուժերն են զբաղված «այլոց բոստանը քար նետելով», Մինասյանն ասաց. «Դուք էլ լավ գիտեք ու ես չեմ ուզում դա դարձնել այս հանդիպման լեյտմոտիվը: Առավել կարեւորն այն է, որ ընդհանուր առմամբ գործընթացն ընթանում է օրենքի եւ տրամաբանության սահմաններում»: Նաեւ, որպես քաղաքական գործընթաց, ավագանու ընտրությունների քարոզարշավում, ՀՀԿ-ական պատգամավորը քաղաքական հանդուրժողականություն եւ ոչ ծայրահեղականություն է տեսնում:

Aravot.am-ի հաջորդ հարցինի պատասխան`արդյոք բանախոսը նկատի ունի ԲՀԿ-ի՞ն, քանի որ այս քարոզարշավում ակնհայտ է ՀՀԿ-ականների ոչ բարեկամական վերաբերմունքը հատկապես ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի նկատմամբ, Մկրտիչ Մինասյանը նկատեց. «Ես ԲՀԿ-ի մասին ասել չեմ կարող, ասացի`առանձին անհատներ: Իսկ առանձին անհատներ կան ամբողջ Հայաստանում, որոնք հայտարարությւոններ են անում եւ որոնց հետ ես համամիտ չեմ: Կարծում եմ, այդ անհատներն էլ հոգու խորքում համամիտ չեն իրենց իսկ արած հայտարարությւոնների հետ»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ վերջին 15 տարիներին Երեւանի համար ոչինչ չի արվել եւ եթե ԲՀԿ-ն ստանձնի մայրաքաղաքի կառավարումը, արդյունքները տեսանելի կլինեն: Լրագրողներից մեկը նկատեց, որ ԲՀԿ-ն ընդամենը մեկ տարի է, ինչ իրեն այլընտրանք է հայտարարել, իսկ մինչ այդ կոալիցիայի մեջ է եղել ու հետաքրքրվեց`համամի՞տ է ՀՀԿ-ական պատգամավորը, Զոհրաբյանի կարծիքի հետ: Մկրտիչ Մինասյանն ասաց, որ չի կարծում, թե պետք է «բացատից հետո անտառը չտեսնելու գաղափարով տառապենք», եւ հավելեց. «Երեւանում ընդամենը չորս տարի է, որ տեղական ինքնակառավարում է գործում եւ այդ չորս տարիների ընթացքում ես չեմ հիշում գոնե մի սկզբունքային քննարկում քաղաքապետարանի ավագանու նիստերում, որտեղ ԲՀԿ խմբակցության անդամները սկզբունքային տարաձայնությւոններ են ունեցել կամ դիրքորոշում ցուցաբերել: Այնպես, որ սա պետք է ընդունել որպես քաղաքական տեխնոլոգիա, այն էլ հիշողությունը արհամարհելու տարբերակով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930