«Թանկ մակարոն չենք առնելու»,-այսօր կառավարության նիստում այսպիսի հրաման տվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի՝ պետական գնումներն ավելի թափանցիկ դարձնելու առաջարկությունից հետո:
Պետգնումների մրցույթները, ըստ վարչապետ պաշտոնակատարի, շատ հաճախ անտրամաբանական են լինում, այսինքն ձեռք բերված գները բարձր են լինում. «Եթե դուք ուզում եք առանձնահատուկ թուղթ կամ գրիչ, ապա հիմնավորեք շատ հստակ՝ ինչու մեկ էլ այս տարի որոշեցիք շատ սպեցիֆիկ թուղթ առնել, որը մեր տիպալոգիայից տարբերվում է: Պետք է ֆիքսեք տիպալոգիան, որովհետեւ դրա վրա շատ հաճախ խաբեություն է լինում. ասում են՝ այս էս ինչ տիպը փոխվել է գինը կտրուկ բարձրացել է: Տիպերը 3-4 պիտի լինեն, դրանից այն կողմի իրավունք չունենք գնել: Եթե միս ենք առնելու, այս 3-4 տեսակն ենք առնելու,եթե մակարոն ենք առնելու, թանկ մակարոն չենք առնելու: Դուք պետք է համեմատեք ձեզ տրված ցանկը եւ գինը, որը պետք է լինի ավելի ցածր, քան մենք այսօր հաստատում ենք, որովհետեւ այդ գինը, որ մենք վերցնում ենք, դա խանութներում մոնիտորինգ արված, բացահայտված գներն են: Այսինքն՝ մրցույթի արդյունքում շատ ավելի ցածր պետք է լինեն գները»:
Սա, ըստ վարչապետ պաշտոնակատարի, վերաբերելու է ստանդարտ ապրանքներին, այսինքն գնումների գերակշռող մասին. «Լինելու է այս ֆիլտրը վերահսկող, եւ արգելում եմ դրանից բարձր գներով ապրանք գնել»:
Տիգրան Սարգսյանն այսօրվա նիստում հրահանգեց, որ գնումների համար նախարարներն անձամբ են պատասխանատու լինելու:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ