Այսօր «Ելակետ» ակումբի հյուրը նախկին պատգամավոր եւ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն էր: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե որպես Երեւան քաղաքի բնակիչ, գո՞հ չէ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանից, արդյոք իրեն դուր չե՞ն գալիս այն ծաղիկները, որոնք տեղադրում է քաղաքապետը, նստարանները, Վոլոչկովայի ներկայությունը. «Ես չսիրեցի հրապարակում շատրվանների մոտ այն շատ խոշոր թռչուններին»,- պատասխանեց տիկին Ալավերդյանը եւ շարունակեց,- «Ես լակոնիկ ձեւերի եւ ավելի կամերային մշակույթի սիրահար եմ: Բայց ինչ վերաբերում է նստարաններին՝ ես հավանում եմ: Շատ կոշտ չեմ քննադատել եւ այն արձանիկները, այնտեղ թեկուզ կա համքարական մակարդակ, որն արվեստի չի ձգում: Բակային մակարդակի է: Դա բակում կարող էր դիտվել, բայց փողոցում չի դիտվում: Արտասահմանում կան այդպիսի կամերային արձանիկներ, բայց դրանք արվեստ են: Եթե տեսնում ես մի բակ բարեկարգ է, իսկ մյուսն բակերը անողորմ վիճակում են, ես որպես լավություն եմ ընկալում Տարոն Մարգարյանի արածն իմ բակում»:
Խոսելով տաղավարների տեղադրման դեպքերից եւ «Տարո՛ն, սիրուն չի» արտահայտությունից՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Ոչ միայն սիրուն չի, այլեւ անօրինական է: Հո աղջիկ չե՞ք ուզում, որ ասում եք սիրուն չի: Դա անօրինական է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ