Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունները համատեղ որոշում չեն կայացրել ՀԱԿ-ը լուծարելու մասին

Ապրիլ 18,2013 12:20

Հարց է առաջանում, թե ՀԱԿ կուսակցության ստեղծումից և գրանցումից հետո, որքանո՞վ է իրավաչափ ՀԱԿ դաշինքի գոյությունը: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես դաշինքը ստեղծվել է 2008թ. օգոստոսի 1-ին, երբ 18 կուսակցություններ ստորագրեցին ՀԱԿ հռչակագիրը: ՀԱԿ-ը, ճիշտ է, իրավաբանական կառույց չէ, և գրանցված չէ Արդարադատության նախարարությունում, բայց այն քաղաքական կառույց է և գործում է այդ կառույցին անդամակցող կուսակցությունների փոխհամաձայնության հիմքով: Հետագայում մի քանի կուսակցություններ` «Հանրապետությունը», Հայաստանի լիբերալ կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը, հայտարարեցին, որ դուրս են գալիս ՀԱԿ-ից: Բայց մյուս 15 կուսակցությունները շարունակեցին հանդես գալ, որպես ՀԱԿ դաշինք:

2013թ. փետրվարի 23-ին տեղի ունեցած ՀՀՇ վերջին` 18-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսելով ՀԱԿ-ի մասին` ասաց. «Մեկ տարի առաջ սկսվել է քայքայման պրոցեսը, չեմ ուզում խորանալ պատճառների մեջ, բայց փաստն այն է, որ այն չկա»: Ընդամենը այսքանը. Տեր-Պետրոսյանը ասել է, որ ՀԱԿ-ը չկա: Ինչ-որ մարդկանց համար Տեր-Պետրոսյանի խոսքը օրենքի ուժ ունի, եթե նա ասել է, որ ՀԱԿ-ը չկա, նշանակում է, որ չկա: Իսկ մյուսները համարում են, որ քանի դեռ ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունները համատեղ որոշում չեն կայացրել ՀԱԿ-ը լուծարելու մասին, այն շարունակում է գոյություն ունենալ: Վերոնշյալ կուսակցություններն իրենց համարում են ՀԱԿ, և դա նրանց իրավունքն է: Ընդհակառակը, նրանք կարող են պնդել, որ այդ ՀՀՇ-ն է սեփականացրել իրենց անունը` վերանվանվելով Հայ ազգային կոնգրես: Ստացվում է, որ ՀՀՇ-ն է գողացել ՀԱԿ անվանումը նույնանուն դաշինքից, և ոչ թե այն ուժերը, ովքեր շարունակում են հանդես գալ այն անվան տակ, որի տակ հանդես են եկել գրեթե 5 տարի:

Լավ, ենթադրենք` հինգ կուսակցություններ հայտարարեցին, որ իրենք Հայ ազգային կոնգրես դաշինքն են, դրանից ի՞նչ: Արդյոք միայն այն, որ կառաջանա քաղաքական շփոթ ՀԱԿ կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջև, և նրանք կսկսեն վիճել, թե իրենցից ով իրավունք ունի հանդես գալ այդ անվան տակ: Սա ևս կարող է լինել, բայց ինտրիգն այլ տեղ է: Խորհրդարանում գործում է ՀԱԿ խմբակցությունը, որը ՀԱԿ նախընտրական դաշինքի արդյունքն է: Ո՞ր քաղաքական ուժի շահերն է ներկայացնում ՀԱԿ խմբակցությունը` ՀԱԿ կուսակցությա՞ն, թե՞ ՀԱԿ դաշինքի: ՀԱԿ խմբակցության անդամ երեք պատգամավորներ անդամագրվել են ՀԱԿ կուսակցությանը, բայց չորսն այլ կուսակցությունների կամ քաղաքական միավորների անդամներ են: Այսինքն՝ խմբակցության մեծամասնությունը ՀԱԿ կուսակցության անդամ չէ, բայց խմբակցությունը գտնվում է ՀԱԿ կուսակցության տնօրինման տակ, քանի որ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և քարտուղար Արամ Մանուկյանը ՀԱԿ կուսակցության փոխնախագահներ են:

Բայց այս վիճակը կարող է փոխվել:
Մեր ունեցած տեղեկություններով` ՀԱԿ-ի անունից հայտարարություն տարածած և ՀԱԿ-ը վերածնել փորձող քաղաքական ուժերը ցանկանում են համալրել իրենց համակիրների շարքերը և միավորել ՀԱԿ խմբակցությանն անդամակցող, բայց ՀԱԿ կուսակցության անդամ չհանդիսացող պատգամավորներին և նրանց կուսակցություններին: Խոսքը մասնավորապես «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի, «Այլընտրանք» հասարակական քաղաքական միավորման անդամ Նիկոլ Փաշինյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի մասին է: Ավելին, նրանք ցանկանում են ՀԱԿ դաշինքի նոր լիդեր հռչակել Ստեփան Դեմիրճյանին` այն հեռանկարով, որ նա հետագայում կգլխավորի նաև ՀԱԿ խմբակցությունը: Որքանո՞վ է սա հնարավոր: Քանի որ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի հարաբերությունները Լևոն Զուրաբյանի և ՀԱԿ ղեկավարության հետ վաղուց արդեն ոչ թե գործընկերային, այլ թշնամական են, նրանք դեմ չեն լինի խմբակցությունում իշխանափոխությանը:

Ստեփան Դեմիրճյանի դեպքում, նշվում է, որ նա ոչ կոնֆլիկտային բնավորություն ունի, և չի ցանկանա մտնել նման խաղի մեջ, հարաբերություններ փչացնել Տեր-Պետրոսյանի և մյուսների հետ:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artak says:

    Տրամաբանական է, ես օրինակ ձայն եմ տվել ոչ թե ՀԱԿԿ, այլ ՀԱԿ դաշինքին, իսկ հիմա այդ ՀԱԿԿ ընդամենը վեր է ածվել ԲՀԿ գովերգողի, իսկ ինչու պետք է նաև իմ ձայնի հաշվին ԱԺ գնացած մարդիկ, մեկ գիշերվա մեջ առանց իմ իմացության ընդամենը ՀՀՇ անվանափոխեն..Եթե նորաստեղծ ՀԱԿԿ-ն չի միանում ՀԱԿ դաշինքին թող հրաժարվի նաև մանդատներից….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930