Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ա. Պողոսյան. «Գլխավոր ճարտարապետը չի հասկանում շախմատի տան և խաղատան տարբերությունը»

Ապրիլ 18,2013 12:09

«Իրենց անունով դրանք սրճարան են, մեր անունով՝ անառականոց»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նա վրդովված նշեց, որ այլևս իրավունք չունենք թույլ տալու, քանի որ մեր քաղաքում վերացվում են արդեն վերջին կանաչ տարածքները: Հետո էլ շարունակեց. «Այս պահին ընթանում է բարբարոսական երևույթ, էքսկավատորներն աշխատում են խոտի մեջ, կցակառույցներ են հայտնվում գազոնի հաշվին: Օրինակ՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ գտնվող շենքի կողքին էքսկավատոր էր աշխատում, և նորից սրճարան ծնվեց: Այո, ժամանակին այդտեղ կար սրճարան, բայց հիմա հիմնական կառույց են սարքում՝ փորելով մինչև երկրի կենտրոնը: Կամ Մերգելյանի ինստիտուտի կողքի պուրակի վերջին կանաչ կտորը հարյուր տոկոսով բետոնապատվել է: Բարձրացնում ենք մեր ձայնը, բայց չկա համարժեք ռեակցիա, համայնքային իշխանությունները դրանք իրենց անունով սրճարան են անվանում, մեր անունով՝ անառականոց: Եվ այսպիսի մարդկանց է վստահված մեր քաղաքի ղեկավարությունը»:

Պարոն Պողոսյանին մտահոգում է նաև այն, որ Ժամանակակից արվեստի թանգարանում պատուհանները քարով են շարել, դարձրել բանտ՝ պատճառաբանելով, թե նկարների վրա արև է ընկնում: Նա վրդովվեց, թե Էրմիտաժում,Պրադոյում արև չկա՞: Ա. Պողոսյանը վստահ է, որ դրա նպատակն էր թանգարանի դիմաց «գոմ» կառուցել: Նա նշեց, որ 1400 քմ տարածքով կանաչ տարածքը վերացավ ու նկատում, որ տերն էլ նույնն է գոմն էլ նույնը: Ա. Պողոսյանը նաև նշեց. «Այլևս չունենք Օպերայի պուրակ, Օղակաձև այգի, և գլխավոր ճարտարապետը առանց ամաչելու խոսում է, թե Օղակաձև այգում Շախմատի տուն են կառուցել մինչև իր պաշտոնավարումը: Ուրեմն ինքը չի հասկանում շախմատի տան և խաղատան տարբերությունը, եկեղեցու և գարեջրի տան տարբերությունը: Քաղաքում իշխանությունը կենտրոնացված է մի խումբ մարդկանց ձեռքում: Վերահսկող մարմինները շատ են, բայց նրանք բրգաձև ենթարկվում են մեկ մարմնի»:

Տրանսպորտային խնդիրների մասին խոսելով՝ պարոն Պողոսյանը նշեց. «Մեր քաղաքում մետրոյի ոչ մի կայարան չի ավելացել: Այնինչ խնդրի լուծումը էլեկտրատրանսպորտը լուծումներից մեկն է: Պատահական չէ, որ շեյխը երբ վերադարձավ Բաքու, ասաց, թե Երևանը ի՞նչ քաղաք է մետրո էլ չունի: Ո՞ւր է մեր տնտեսագիտական միտքը, մենակ սրճարան կառուցելու մասին ենք մտածում, փոխանակ տետրակ արտադրենք: Երեխայի՝ դպրոց գնալու իմաստը ո՞րն է, որ դիմացը տետր են դնում, որի վրա թուրքերենով գրված է օքյուլ դեֆթերի»:

Անդրադառնալով առաջիկա ավագանու ընտրություններին՝ պարոն Պողոսյանը նշեց, որ բոլոր ծրագրերն էլ լավն են, բայց այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրեց. «Ընտրություն կատարողը պիտի առաջնորդվի ոչ թե ծրագրով, այլ թե ով է դա ներկայացնում: Հարցն այն է, որ կառավարությունը, կամ իշխող կուսակցությունն է վատը, կամ լավը, այլ այն, որ նա անվերահսկելի է: Իսկ երբ իշխանությունը չունի վերահսկողություն՝ այն այլասերվում է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք Ա. Պողոսյանը ՀՀ ընդդիմադիր դաշտում տեսնո՞ւմ է այն համարժեք դիմադրությունը, որի արդյունքում հնարավոր է վերահսկել իշխանությանը: Նա պատասխանեց. «Թերահավատ եմ, որ ընդդիմությունն այդ ներուժն ունի, քանի որ ունեմ մեծ փորձ քաղաքականության մեջ: Կուզեի, որ ընդդիմադիրներն իրար նկատմամբ ավելի հանդուժող, համագործակցող աշխատեին, ոչ թե մեկը մյուսին պախարակեր կամ մրցակցեր: Այդպիսի փորձ մենք մեկ անգամ ենք ունեցել, երբ թեկնածուն, որին բոլորն էին պաշտպանում, խոստումը դրժեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930