Տպավորությունն այն է, որ այս կառավարությունը ձեռք է գցում միանգամից շատ բաների, հետո դրանցից շատերի մասին մոռանում է: Առնվազն` այլեւս չի լուսաբանում: Առավել եւս, որ ե՛ւ լրագրողների, եւ նրանց շրջապատողների մեջ քիչ են տնտեսությունից հասկացողները, ինչը, երեւի, կառավարությանն էլ չի մտահոգում: Ահա, ազգագրագետը անկեղծորեն բացականչում է. «Կառավարությունը Համաշխարհային բանկից ստացած 2 տոկոսանոց վարկը գյուղացուն է ծախում 20 տոկոսով»: Եվ ներկաների մեջ չի գտնվում մեկը, որը գրագետ ձեւով կբացատրի, թե ինչու է այդպես ստացվում, ու լսողի մեջ մնում է միայն կառավարության այն կերպարը, թե նա չարամտորեն սնանկացնում է գյուղացիներին:
Իմ կարծիքովՙ մեղավոր են ոչ միայն լրատվամիջոցները (առաջին հերթին`Հանրային հեռուստատեսությունը, որի պահվածքը պարզապես խայտառակ է), այլեւ, առաջին հերթին, կառավարությունն ինքը:
Ինչպես ասացի, առաջին պատասխանատուն վարչապետն է: Դե հիմա եկեք հիշենքՙ վարչապետը երբ է վերջին անգամ ասուլիս տվել: Ես նկատի չունեմ այն արագ հանդիպումները Ազգային ժողովում, երբ լրագրողներն իրար են տրորում օրվա հրատապ հարցը հնչեցնելու համար: Ոչ էլ նկատի ունեմ որեւէ տեղ (օրինակՙ մի գյուղական բակում) կազմակերպված այն միջոցառումները, երբ հրավիրվում են հայտնի լրատվամիջոցների հայտնի լրագրողներ, որոնք տալիս են հայտնի հարցեր: Ես նկատի ունեմ իսկական մամուլի ասուլիս, որին մասնակցում են շատ լրագրողներ ու տալիս ցանկացած հարց, եւ որոնց պատասխանները հայտնի կդառնան շատերին: Հատկապես ցավալի է այս ամենը գրել մի մարդու մասին, որը նախկինում, ԿԲ նախագահ եղած ժամանակ, պարբերաբար հանդիպում էր լրագրողներին ու նույնիսկ նրանցից խորհուրդ հարցնում: Ինչո՞ւ նա լրագրողներին չի հանդիպում գոնե տարին երկու անգամ:
Սաՙ վարչապետը: Այսքանը հաշվի առելով, հարկ կա՞ զարմանալու, որ նախարարների մեծ մասը եւս գերադասում է ապահով հեռուստաեթերը, այլ ոչ թե շփումը առհասարակ լրագրողների հետ:
Կարդացեք նաև
Զարմանալի՞ է արդյոք, որ այսքան մարդ է քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գոհ է այս կառավարությունից, քանի որ 2012 թվին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 7 տոկոսով: Ու համոզված չէ, որ այլ կառավարության պարագայում նույնը կլինի: Սա հիմնավոր կարծիք է, բայց արդյոք կառավարությունը չի՞ նպաստում երկրում առկա «գաղջ մթնոլորտին», ինչն ավելի վնասակար է:
Վերջում նշեմ մի քանի կարեւոր հարցեր, որոնց պատասխանները ես չեմ գտնում: Հնարավոր է, որ դրանք ինչ-որ տեղ հնչել են, բայց որ դրանք չեմ գտնում, իմ մեղքը չէ:
– Իրականացվում էր Հայաստանում «Էլեկտրոնային հասարակություն» ստեղծման ծրագիր; Շարունակվո՞ւմ է այն, ինչքանո՞վ է համապատասխանում նախագծին: Կկարողանա՞նք (եւ ե՞րբ) քվեարկել առանց թղթերի:
– 2009թ. վերջում օրենք ընդունվեց, ըստ որի խոշոր ձեռնարկություններում կաշխատեն ռեզիդենտ հարկային տեսուչներ: Կիրառվո՞ւմ է այդ օրենքը, եւ ի՞նչ արդյունքերի ենք հասել:
– Վերջապես, որքա՞ն ենք մենք վճարում (որպես կառավարություն) ներմուծվող բնական գազի համար:
– Շատ էր խոսվում, որ կառավարությունը փոխհատուցում է գյուղացիներին տրվող վարկերի տոկոսի մի մասը: Շարունակվո՞ւմ 9 արդյոք այդ ծրագիրը:
– 2008թ. հայտարարվեց. Հայաստանը, ի թիվս 16 երկրների, հնարավորություն է ստանում ստանալ ավելի քան 6400 ապրանքների մաքստուրքերի զգալի կրճատում կամ վերացում ԵՄ-ի հետ առեւտրում: Նույնը լսում ենք այսօր «Արեւելյան գործընկերությունում»: Ի՞նչ տարբերություն:
Եվ նման տասնյակ այլ հարցեր: Ամենակարեւորը թերեւս սա է.
ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՄԻ ՏԵՂ, ՈՒՐ ՀԱՎԱՔՎՈՒՄ Է ՆՐԱ ՄԱՍԻՆ ԵՂԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: gov.am կայքէջը հաստատ այդ տեղը չէ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգ»