Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Վ. Գասպարյանի համար այդքան «սկզբունքային էր ծառայության եւ բիզնեսի համատեղման բացառումը, ապա նա պետք է Նազարյանին պաշտոնանկ աներ դեռեւս 2 տարի առաջ

Ապրիլ 18,2013 11:38

Թեեւ Ներսես Նազարյանի եւ Վլադիմիր Գասպարյանի լարված հարաբերությունների մասին հայտնի էր վաղուց, սակայն ապրիլի 9-ից ընդամենն օրեր անց, այն էլ՝ մասնագիտական տոնի՝ ՀՀ ոստիկանության օրվա նախօրեին Նազարյանին Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանը շատերը կապեցին ՀՀ իշխանության եւ ընդդիմության առաջնորդների երդմնակալության օրը տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այդպես է դա, թե ոչ՝ դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ ՀՀ ոստիկանության երեկ տարածած պարզաբանումն առնվազն չի արտացոլում կայացված որոշման իրական դրդապատճառը, կասկածից դուրս է։ «Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության եւ բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տեւական աշխատանքի դեպքում, ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի եւ ծառայողական գործունեության արդյունքների վրա։ Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, եւ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ։ Այն, որ Ներսես Նազարյանը փաստացի «համատեղում էր ծառայությունն ու բիզնեսը», հայտնի իրողություն էր դեռեւս Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց առաջ։ Եվ ի դեպ, Նազարյանը առանձնապես չէր էլ թաքցնում, որ իր ընտանիքը խոշոր բիզնեսներ ունի։ Ուստի՝ ոստիկանության հայտարարությունում նշված պատճառաբանությունը, մեղմ ասած, ժամանակավրեպ է։

Եթե Վ. Գասպարյանի համար այդքան «սկզբունքային էր ծառայության եւ բիզնեսի համատեղման բացառումը, ապա նա պետք է Նազարյանին պաշտոնանկ աներ դեռեւս 2 տարի առաջ՝ իր ՀՀ ոստիկանապետ նշանակվելու հաջորդ իսկ օրը։ Իսկ եթե Նազարյանի բիզնես հետաքրքրությունների մասին տեղեկացել է միայն այսքան տարի անց, ապա դա էլ «օպերատիվ իրավիճակը շնչով զգալու» արդյունքն է։

Բացի այդ, բիզնեսի եւ ծառայության համատեղման բացառման թեզը որեւէ քննադատության չի դիմանում, երբ պարզապես մտովի փորձում ենք հիշել ոստիկանության բարձրաստիճան սպաների սոցիալական կարգավիճակը։ Հեռու չգնալու համար նշենք հենց թեկուզ Քննչական գլխավոր վարչության պետ Գեւորգ Համբարձումյանին՝ Սերժ Սարգսյանի մտերմագույն օլիգարխի՝ Ֆլեշի Բարսեղի մերձավորին։ Այլ օրինակների համար եւս Գասպարյանը կարիք չունի հեռու գնալու, բավական է ուսումնասիրի հենց իր տեղակալների, մտերիմ շրջապատի «սերտաճածության» աստիճանը։ Ասվածը, իհարկե, չի նշանակում, որ Նազարյանը սուրբ էր եւ սերտաճած չէր ինչ-ինչ շրջանակների հետ, «փայ չէր մտնում» որոշ բիզնեսների մեջ։

«Ժողովուրդ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930