Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ մեզ հետ զրույցում որոշակի լույս սփռեց ոչ իշխանական չորս ուժերի հետ ձեւավորվելիք ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու ծրագրերի վրա։
Այդ շտաբի հնարավոր ձեւավորման մասին դեռ նախօրեին հայտարարել էր Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը։ Երեկ, երբ Վարդան Օսկանյանին հարցրեցինք՝ արդյո՞ք բոլոր 4 ուժերի հետ հանդիպումներ եղել են, ինչ փուլում են բանակցությունները եւ ռեա՞լ է նման շտաբի ձեւավորումը, նա պատասխանեց. «Այո, ՀԱԿ-ի եւ Դաշնակցության հետ ոնց որ թե լավ ընթանում է, հուսանք, որ «Ժառանգությունն» էլ կմիանա»։ Ըստ Օսկանյանի, այս անգամ, սակայն, ինչպես 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, ընդհանուր շտաբ չի լինի, սակայն ընտրությունները միասնական վերահսկելու ուղղությամբ լուրջ համագործակցություն ընտրության օրը կլինի։
Մեր այն հարցին, թե ինչից է կախված «Ժառանգության» որոշումը, Օսկանյանը պատասխանեց. «Ժառանգությունն» էլ մասնակցում է որոշ հանդիպումների, բայց ոնց որ թե դեռեւս այդքան նվիրական չեն, բայց միգուցե եւ հետո իրավիճակը փոխվի»։ Այսինքն, ինչպե՞ս փոխվի՝ ճշտող հարցին նախկին արտգործնախարարը պատասխանեց. «Սա բոլորի շահերից է բխում, բնականաբար, բոլորը պիտի ուզենան, որ ժողովրդի քվեն պաշտպանվի, որովհետեւ եթե այդպես չլինի, յուրաքանչյուրը տուժելու է, այստեղ շահերի համընկնում կա, անկախ քաղաքական մոտեցումներից»։
Փորձեցինք ճշտել նաեւ, եթե «Ժառանգությունը» չհամաձայնի մաս կազմել այդ շտաբին, մյուս երեք ուժերի հետ այն այդուամենայնիվ, կձեւավորվի՞։ «Համաձայնվելու բան չկա, մենք ասացինք, որ ընդհանուր շտաբ չենք ստեղծում, թուղթ չենք ստորագրում, ուղղակի այստեղ ակնհայտորեն ոչ իշխանական ուժերի շահերը համընկնում են, որ լինեն ազատ, արդար ընտրություններ»,- ասաց Օսկանյանը։
Կարդացեք նաև
«Ժառանգությունը», սակայն, ինչպես պարզվեց երեկ, որոշակի խնդիրներ է տեսնում սույն հարցում։ Կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեր թղթակցին փոխանցեց, որ ինքը տեղյակ չէ, դիմե՞լ են իրենց այդ հարցով, թե ոչ եւ հավելեց, որ իրեն ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ են պատրաստվում անել մյուս ուժերը, մասնավորապես ԲՀԿ-ն։ «Որովհետեւ մենք այդպիսի մի միասնական շտաբ տեսել ենք, որը շատ ընտրողաբար էր պայքարում ընտրակեղծիքների դեմ։ Քաղաքական բարեգործությունները, որոնք խնդիր են, ընտրակաշառքները, ընտրողի քվեն գնելը, այսինքն, մենք մի անգամ արդեն տեսել ենք դա։ Հիմա իրենք պիտի ապացուցեն, որ այս պարագայում գործ չունենք դրա հետ։ Իսկ եթե դրա հետ գործ ունենք, ապա մենք այդ կարգի մի բանի հետ կապված մեր դիրքորոշումը արդեն հայտնել ենք»,- ասել է Սաֆարյանը մեր թղթակցին։
«Ժառանգության» քարտուղարը նշել է, որ եթե այս անգամ նման շտաբ ձեւավորվի, չպետք է լինեն կեղտոտ եղանակներով բերված ձայներ։ «Մեզ համար ընտրությունը ընտրողի կամքի ազատ ձեւավորումն է՝ առանց պարտադրանքի, առանց գայթակղության, եթե որոշ քաղաքական ուժեր մի ձեռքով պիտի գայթակղեն ընտրողին, մյուս ձեռքով էլ մյուս ուժերին ասեն եկեք պահենք այդ գայթակղությամբ բերված ձայները, ապա «Ժառանգությունը» դժվար թե անելիք ունենա այդտեղ»,- ասել է Ստեփան Սաֆարյանը։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»