Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանն էլ շատ լավ գիտի, որ հաղթել է Սերժ Սարգսյանը»

Ապրիլ 18,2013 11:29

Հարցազրույց «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանի հետ

– Որպես սփյուռքահայ` ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան ներքաղաքական կյանքի ներկա իրավիճակը, Երևանի Ազատության հրապարակում ընթացող գործընթացները:

– Հայաստանի կառավարությունը տեղի տվեց, որ այդ տեսակի հավաքներ լինեն, ուրիշ երկրներում այդ հավաքների դեմը հեշտությամբ կարող են առնել, բայց մենք ուզում ենք եվրոպական միություններին ասել, որ մեր երկրում ազատ ձևով են եղել ընտրությունները, կա խոսքի ազատություն, և մեր կառավարուրթյունն այդ խոսքը հարգելու համար առիթ է տալիս, բայց, իմ կարծիքով, մեր ժողովուրդն էլ չափն անցնում է` արված արտահայտությունները պետք է ավելի զուսպ լինեն, ընտրված նախագահի մասին չխոսեն հայհոյանքներով: Հնարավոր է, որ սխալներ եղել են, բայց լավ բաներ էլ շատ են արել: Մենք ասում ենք, որ ներգաղթ կա: Եթե դու պետք է սևացնես, ապա մենք չենք ցանկանա գալ հայրենիք:

– Բայց եթե հայրենիքում այդպիսին է իրավիճակը, եթե վերջին տարիներին աղքատության ցուցանիշն աճել է` հասնելով մոտ 37%-ի, եթե մի երկրում արտագաղթը զանգվածային է դարձել, կարելի՞ է թաքցնել այս հանգամանքները:

– Ձեր նշած աղքատության ցուցանիշը Հայաստանի առաջին օրվանից էլ կար, և նաև դրանից առաջ` Խորհրդային Միության տարիներին: Մեզ հարուստ Հայաստան չտրվեց, և եթե տրվեց հարուստ Հայաստան, ապա դա եղավ այսօրվա ցուցարարների օրոք, որոնք ծուռ գիծ քաշեցին, իսկ երբ առաջին օրվանից ծուռ գիծ են քաշում, ապա երկար ժամանակ է պահանջվում դրա շտկման համար:

– Իսկ ինչպե՞ս եք ընդունում «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը: Նա ևս սփյուռքահայ է: Նրան պատկերացնոգւմ եք նախագահի պաշտոնում:

– Ես Րաֆֆի Հովհանիսյանին անդրադառնամ ավելի վաղ ժամանակներից, երբ նա ՀՀ արտգործնախարար էր: Կարծում եմ, որ արտգործնախարարի պաշտոնը նրան տալը սխալ էր: Երբ քիչ առաջ հիշատակեցի ծուռ գծաքաշերը, դրանք եղան հենց այդ ժամանակ: Հայաստանի ժողովուրդը 70 տարի ապրել է սովետական երկրում, գաղափարներն ուրիշ էին, հեղաշրջում չէր կարող լինել: Օրինակ, Չինաստանն էլ համայնավար երկիր էր, որը կամաց-կամաց փոխվելով` կարողացավ դառնալ աշխարհի թիվ 1 երկիրը: ԱՊՀ մյուս երկրներում էլ կա աղքատություն, օրինակ, Վրաստանում աղքատությունն ավելի մեծ ցուցանիշով է արձանագրվել:

– Բայց Հայաստանում հասարակությունը դժգոհ է սոցիալական անարդարությունից:

– Աշխարհի չորս կողմում էլ կա այդ դժգոհությունը: Ես սիրիահայ եմ, և դիտարկելով Սիրիայի ներկա վիճակը` պետք է նկատեմ, որ 90-ից ավելի երկրներ եկել են պատերազմելու Սիրիայում, և ասում են, թե Սիրիայի կառավարությունը զեղծարարությամբ է եկել, սակայն այսօր ընտրություն կազմակերպելու դեպքում, 100 տոկոսով վստահեցնում եմ, որ նույն նախագահը կընտրվի:

– Դա ի՞նչ կապ ունի մեզ հետ:

– Ամեն տեղ էլ կան դժգոհություններ, նույնիսկ մի ընտանիքում են լինում դժգոհություններ, մեծ երկրում հնարավոգր է, որ չլինեն, իսկ եթե նայենք պատմությանը, ապա պետք է նկատենք, որ հայերը միշտ եղել են գաղթող ժողովուրդ:

– Այսինքն` Դուք արդարացնո՞ւմ եք Հայաստանի աղքատության ցուցանիշը, արտագաղթի ծավալները:

– Ես չեմ արդարացնում և ասում, որ ամեն ինչ ճիշտ է, բայց առողջ քննադատությունները պետք է հասցնել տեղ: Այսօր Հայաստանն ունի նախագահ, որ լսում է քնննադատությունները, եթե սխալ է` արձանագրում է, շտկում է: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ շատ լավ գիտի, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, բայց նա և նրա կողմնակից ընկերները չէին սպասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է այդքան ձայն հավաքել: Սակայն, երբ Րաֆֆին գրավեց երկրորդ տեղը, նրա ընկերները չէին ցանկանում, որ առաջիկա 5 տարիներին նա դառնա լիդեր, այդ պատճառով Րաֆֆիին մղեցին այն ճանապարհով, որ կորցնի իր ձայները:

Րաֆֆիի ամենօրյա սխալները, խոսքերը փոխելը կամ իր արած արտահայտությունները հաջորդ օրը քննադատելը պատճառ դարձան, որ նա կորցնի իր ձայները: Իսկ այսօր մյուս կուսակցություններն այլևս սատար չեն կանգնում նրան այն պատճառով, որ Րաֆֆին այսօր կորցրեց իր ձայները, սպառվեց: Այսօր նույնիսկ Րաֆֆի կողմնակիցներն են դեմ իրեն, երբ նա չափն անցավ: Այս երկիրը չի կարող ղեկավարել սփյուռքահայ, քանի որ տարածաշրջանի քաղաքականությանը չի կարող լավ տիրապետել, և ուրիշից կախում պետք է ունենա: Հայաստանին ձեռնտու է ռուսամետ քաղաքականությունը, բայց միևնույն ժամանակ` պետք է չխզի իր կապերն Արևմուտքի հետ: Մի դիտարկում էլ անեմ. սփյուռքահայը պետք է Հայաստանի քաղաքականություն որոշող անձ չլինի: Ի՞նչ եք կարծում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լիներ նախագահ, արդյո՞ք արտագաղթ այլևս չի լինի: Ավելին` կարող է ավելի շատ լինի:

ՄԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Փաստորեն ՛՛մուտիլովշիկ՛՛ հասկացությունը խորթ երևույթ չէ նաև սփյուռքում, ինչպես ընդունված է ասել՝ շահին մուննաթ…

  2. Սամվել Ավդալյան says:

    Սովետի վախտը աղքատություն կա՞ր, ա՛յ գերխելոք, ի՞նչ ես ստում: Հայերի ո՞ր մասն էր աղքատ յոթանասուն-ութսունականներին, դու կարա՞ս ասես: Ազգի ճատագիրը քո նման անգրագետներն են տնօրինում, որ մարդիկ փախչում են երկրից:
    Չնայած, մի ճիշտ բան ասացիր. Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհանրապես պիտանի չի երկիր կառավարելու: Մենք միշտ այսուհետև ընտրություն ենք կատարելու հիմարի ու առավել հիմարի միջև, երկուսն էլ քրեական համեմունքներով: Այնպես որ քո հալալ նախագահն էլ, խորթն էլ, հորթն էլ, դու էլ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930