ՀՀԿ տարբեր գործիչներ հայտարարում են, որ չեն քաղաքականացնում Երևանի ավագանու ընտրությունները, իսկ ահա ընդդիմությունը փորձում է քաղաքականացնել: ՀՀԿ-ն այս հայտարարություններն անում է, այսպես ասած, բացասական կոնտեքստում, այսինքն` ընդդիմության փորձերը ներկայացնելով որպես շահարկում: ՀՀԿ-ն նույն բանն ասում էր 2009 թվականին, երբ նրա քաղաքապետական թեկնածուն Գագիկ Բեգլարյանն էր: Երևանի ավագանու ընտրությունները չքաղաքականացնելու մասին ՀՀԿ-ական հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ քաղաքական անմեղսունակության պարզ դրսևորում, տարրական վկայություն: Ավելին` այստեղ կարծես թե ավելին է, քան զուտ քաղաքական անմեղսունակությունը:
Այստեղ ընդհանրապես բանականության հետ կապված ակնհայտ խնդիրներ են ի հայտ գալիս` այն պարզ պատճառով, որ չքաղաքականացնելու մասին հայտարարում է մի ուժ, որը ինքն է ընդունել Երևանի ընտրությունների մասին օրենքը՝ իր խորհրդարանական քվեարկությամբ: Իսկ այդ օրենքում սևով սպիտակի վրա գրված է, որ Երևանի ավագանին ընտրվում է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով, որին կարող են մասնակցել կուսակցությունները կամ դաշինքները: Իսկ խնդիրն այն է, որ կուսակցություններն ու դաշինքները քաղաքական միավորներ են, և եթե անգամ նրանց համամասնական ցուցակներում տեղ գտնեն բացառապես օպերային երգիչներ ու երգչուհիներ, կամ ամբողջական պարային համույթներ կամ սպորտային թիմեր, միևնույն է` այդ ցուցակները քաղաքական են, քանի որ դրանց վրա քաղաքական միավորների անուններ են:
Այսինքն` որևէ ընտրության քաղաքական լինել-չլինելը կապված է ոչ թե այն հանգամանքից, թե ինչին է վերաբերում այդ ընտրությունը, այլ նրանից, թե ինչ սուբյեկտներ են մասնակցում դրան: Եթե, օրինակ, Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը պաշտոնապես մասնակցի ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն, կամ ԲՀԿ-ն, կամ որևէ այլ կուսակցություն, ապա ֆուտբոլի առաջնությունը շատ հանգիստ կարելի է որակել որպես քաղաքական միջոցառում, քանի որ քաղաքական կուսակցությունները դրան մասնակցում են իրենց անունով: Սա պարզ տրամաբանություն է, որը փաստորեն հեռու է եղել Երևանի ավագանու ընտրության մասին օրենք ընդունող ՀՀԿ-ական մեծամասնությունից, այլապես երևի թե այդպիսի օրենք չէին ընդունի և իրենք իրենց չէին դնի անհարմար վիճակի մեջ:
Մյուս կողմից` զարմանալի չէ իհարկե, որ ՀՀԿ-ն նման անմեղսունակության օրինակ է ցուցաբերում: Վերջին հաշվով, այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության կազմին նայելիս, հատկապես այն կազմին, որը նախորդ գումարման խորհրդարանում ընդունում էր Երևանի մասին օրենքը, անմեղսունակությունը թվում է չարյաց փոքրագույնը, որ կարող է լինել այդ կուսակցության գործողություններում: Հարցն, իհարկե, Երևանի ընտրությունները չեն: Վերջին հաշվով, հասարակությունը դրանց հանդեպ իր վերաբերմունքը ձևավորում է ընդդիմադիր ուժերի, ոչ թե ՀՀԿ-ականների գործողություններով: Խնդիրն այն է, որ դրսևորվում են այն անդունդի մասշտաբները, որում հայտնվել է պետական կառավարումը ՀՀԿ-ի ձեռքում լինելու պայմաններում:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
«Ժամանակ»