Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆորմացիա չունեն, բայց ուսումնասիրում են

Ապրիլ 18,2013 11:07

Երեկ ՀՀ ոստիկանությունը ի վերջո արձագանքեց բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված եւ կառավարվող ֆինանսական բուրգի վերաբերյալ մեր տեղեկատվությանը եւ պաշտոնական բացատրություն տվեց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությանը։ Մենք արդեն գրել էինք, որ չի բացառվում, որ այդ պաշտոնանկությունը կապված լինի հենց նշված բուրգի բացահայտման հետ։ Ոստիկանությունը երեկ տարածած իր հայտարարությամբ ըստ էության հաստատել է մեր տեղեկատվությունը, ինչպես նաեւ՝ էլ ավելի լուրջ հիմք է տվել եզրակացնելու, որ Նազարյանի պաշտոնանկությունը կապ ունի այդ պատմության հետ։ «Հայկական ժամանակ» օրաթերթը արդեն մի քանի օր լուրեր է տարածում բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ինչ-որ ֆինանսական բուրգի բացահայտման մասին։ Ոստիկանությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում և տեղեկատվություն ունեցողներին առաջարկում է տրամադրել իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները։(…) Ինչ վերաբերում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուն, ինչը այս օրերին լայնորեն քննարկվում է զանգվածային լրատվամիջոցներում, ապա ասենք, որ դա աշխատանքային մոտեցում է և լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության և կադրային քաղաքականության շրջանակներում։ Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը (…)»,- ասված է Ոստիկանության հայտարարության մեջ։

Նախ ֆինանսական բուրգի վերաբերյալ տեղեկատվության մասին ոստիկանությունը, հակառակ նախկինում բազմիցս կիրառած իր ոճի, չի օգտագործում «իրականության հետ կապ չունի», «հերյուրանք է», «հեքիաթ է», «լկտի սուտ է» եւ նմանատիպ այլ որակումներ, ընդամենը համեստորեն արձանագրում է՝ «ոստիկանությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում», տիրապետողներին էլ առաջարկում է դրանք տրամադրել ոստիկանությանը։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 9-ին մի քաղաքացի ոստիկանության Արաբկիրի բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել, ըստ որի՝ ՀՀ-ում ստեղծվել է ֆինանսական մի բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել եւ «սկել»։ Ոստիկանության լրատվական ստորաբաժանումից հաստատել էին մեր այս տեղեկատվությունը։

Երեկ մեր թղթակիցը հարց է ուղղել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնին. «Ապրիլի 9-ին Արաբկիրի բաժնում ստացված հաղորդման բովանդակությունը մեզ կարո՞ղ եք տրամադրել։ Արդյոք այդ հաղորդման մեջ առաջարկվե՞լ է ոստիկանությանը ստուգել՝ մարտի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի որդու անունով անշարժ գույքի գրանցում եղե՞լ է, թե ոչ»։ «Ուսումնասիրվում է»,- սա է մեր ստացած պատասխանը։

Մինչդեռ, եթե ոստիկանությունը ցանկանում է բացահայտել այդ գործը, ապա կադաստրից կպարզեն, որ հաղորդման մեջ նշված ժամանակահատվածում շատ հազվադեպ ազգանուն ունեցող մարզային ոստիկանապետի որդու անունով գույք է գրանցվել, որի արժեքը մոտ 200 հազար դոլար է։ Եթե ստուգեն ու գտնեն այդպիսի ազգանունով մարդ, ուրեմն ուզում են գործը բացահայտել, եթե չէ, ուրեմն լղոզում են։ Մինչ այժմ ՀՀ ոստիկանության պահվածքը հուշում է, որ այստեղ ընտրել են երկրորդ տարբերակը։ Եւ դա իհարկե անակնկալ չէ:

Ինչ վերաբերում է Ներսես Նազարյանին, ապա ոստիկանությունը պաշտոնապես հաստատեց, որ նա աշխատանքից հեռացվել է բիզնեսի պատճառով։ Իսկ «բիզնես» եւ «ապօրինի ֆինանսական բուրգ» հասկացություններն ախր այնքան մոտ են, մանավանդ մեր նման երկրների դեպքում։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930