Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն ու դրանց հաջորդած իրադարձությունները, Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները, երկրում առկա քաղաքական իրավիճակն ու կառուցվածքային հնարավոր փոփոխությունները, Հայաստանի համագործակցությունը եվրոպական կառույցների հետ և Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Վարդան Օսկանյանը գոհունակություն հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում Հայաստանի նախագահության շրջանը համընկնում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կարևոր գործընթացների հետ, ինչը կարող է պարտավորեցնող դրական ազդեցություն ունենալ երկրում ժողովրդավարության վրա: Վարդան Օսկանյանը նշեց, որ այսօր Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտը քաղաքական հակակշիռների բացակայությունն է և հույս հայտնեց, որ մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններում հնարավոր կլինի Հայաստանի քաղաքական համակարգում սկիզբ դնել այդ մեխանիզմին:
Վարդան Օսկանյանը կոչ արեց, որ Եվրոպայի խորհուրդն առավել ակտիվ ներգրավվածություն ունենա Հայաստանի և Եվրոպական Միության միջև Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո դրա դրույթների իրականացման մոնիթորինգը ապահովելու հարցում:
Կարդացեք նաև
Վարդան Օսկանյանի գրասենյակ