Հենց նոր Aravot.am-ի աղբյուրները տեղեկացրեցին, որ այսօր ժամը 20.30 սահմաններում 4-5 հոգի, հարբած վիճակում , փորձել են ներխուժել Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն և բարձրանալ վերև` որպես հիվանդատես: Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները բնականաբար արգելել են` նախազգուշացնելով, որ այդ վիճակում և այդ ժամին հիվանդասենյակ բարձրանալ ու հիվանդների անդորրը խանգարել արգելվում է:
Կերուխումից նոր վերադարձած այդ տղամարդիկ մի լավ կռիվ են սարքել անվտանգության աշխատակիցների հետ: Հենց այդ պահին, աշխատանքն ավարտելով, հիվանդանոցից դուրս է եկել ուրոլոգներից մեկը, անուն-ազգանուն դեռ մեզ չի հաջողվել ճշտել: Վերջինս նկատողություն է արել հարբածներին` ասելով. «Վերջ տվեք, ճիշտ են ասում պահակները, հիվանդներին չխանգարեք»: Հիվանդատեսներն անմիջապես արձագանքել են .«Տո,վդու ո՞ վ ես, մենակ դու էիր պակաս»: Այնուհետ սկսել են քաշքշել բժշկական խալաթը հագից հանած ու տուն շտապող ուրոլոգին: Բժիշկը բացատրել է, որ ինքը հիվանդանոցի բուժաշխատող է և բոլոր իրավունքներն ունի նրանց հիվանդի մոտ չթողնելու:
Հարբած հիվանդատեսները բժշկին դուրս են տարել, քաշքշել, ահաբեկել, հիվանդանոցի բակում մեծ սկանդալ սարքել: Բժիշկը լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները, տեսնելով դրսի թեժացող ծեծկռտուքը, օգնության են կանչել ոստիկանությանը:
Կարդացեք նաև
Գյումրու ոստիկանապետի հրամանով հիվանդանոց է այցելել ոստիկանության պաշտոնյաներից մեկը` Գագիկ Բադեյանը, իսկ դատախազներից` Ժորա Սադոյանը: Խմած հիվանդատեսները , տեսնելով ոստիկաններին, նստել են իրենց «Օփել» մակնիշի մեքենան ու դիմել են փախուստի: Սակայն, ըստ մեր աղբյուրների, Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանը հրահանգել է անմիջապես բռնել խուլիգաններին ու խստորեն պատժել: « Այլևս չպիտի թույլ տանք, որ նման դեպքեր տեղի ունենան այս մարզում» ,- հայտարարել է դատախազը:
Մեր տեղեկություններով, իրավապահներին հաջողվել է բռնել խուլիգաններից ոմանց: Մանրամասներ կհաղորդենք` ճշտելուն պես:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ