Նրա ֆեյսբուքյան գրառման հետքերով ոստիկանները այցելել են ու բացատրություն պահանջել:
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ իր ֆեյսբուքյան էջը դատախազությունը վերահսկում է:
Aravot.am-ը պարոն Բարսեղյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հասկացել, որ իր էջին հետեւում են: Նա պատասխանեց. «Ես ընտրակաշառքի մասին մի քանի գրառում արեցի: Ոստիկանությունից եկան, թե ֆեյսբուքում ձեր գրառումներից երկուսի մասին ուզում ենք բացատրություն ստանալ: Ես պահանջեցի ծանուցագիր, ծանուցագրով գնացի ոստիկանություն: Իրենք ինձ ցոույց տվեցին իմ ֆեյսբուքից քաղած էջը, եւ հարցերն ուղղակի ընտրակաշառքի մասին իմ էջում իմ գրառման մասին էր: Ինձ հարցնում էին՝ ո՞ր թաղում էր, ո՞վ է ասել նման բան եւ այլն: Ես այնտեղ գրեցի, որ քանի որ ոստիկանությունը ծառայում է Հայաստանի հակաժողովրդական ռեժիմին, ես ձեզ ոչ մի բացատրություն չեմ տալիս»:
Լեւոն Բարսեղյանը վստահ է, որ հետեւում են ոչ միայն իր ֆեյսբուքյան էջին, այլ բոլոր նրանց, ում վտանգավոր են համարում իրենց համար. «Սա պետություն զավթած ռեժիմ է, եւ իշխանության վերարտադրման բոլոր ռիսկերը իրենք ջանում են գնահատել եւ մարել: Իսկ որ Գյումրիում ասենք 90 տոկոսին ընտրակաշառք են առաջարկել եւ 80 տոկոսը վերցրել է՝ ոչ մեկը տարակույս չունի: Որ ոստիկանությունը ոչ մի բան չի կարողացել բացահայտել եւ քրգործ հարուցել՝ դա էլ է փաստ: Իսկ դա անելը շատ հեշտ էր: Զանազան ոստիկանական մեթոդներ կան: Կարող էին մարդ ներդնել, կամ կարող էին ծպտվել որպես ընտրակաշառք բաժանող եւ փորձեին գնալ էդ թաղերը կաշառք բաժանել: Անմիջապես իսկական կաշառք բաժանողները կգան եւ գլուխները կջարդեն, կասեն՝ ստեղ մեր տարածքն է»:
Կարդացեք նաև
Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ ոստիկանությունն իրենց դնում է անվճար փաստահավաք խմբի տեղ, հայտարարություններից հետո հարցնում են՝ ավելացնելու բան ունե՞ք. «Ասում ենք՝ ձեզ համար առանձին բան չունենք: Հայտարարություն էր տարածել ոստիկանությունը, թե «Ասպարեզ» ակումբը չի ուզում մեզ հետ համագործակցել: Այ ընկեր, հայտարարել ենք, գնա գտի, հո դու մենակ դիակ հավաքող չես, գնա կանխարգելիր, որ դիակ չդառնա, դեպք չլինի, ոչ թե մատնահետքեր գնաս վերցնես դեպքի վայրից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ