«Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- Aravot.am-ն այսօր այս բովանդակությամբ հաղորդագրություն էր ստացել Հայ Ազգային Կոնգրես Կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդի անունից:
«Ժողովրդավարական հայրենիք » կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ այսօր ՀԱԿ Դաշինքին նախկինում մաս կազմած մի քանի կուսակցություններ հանդիպում են ունեցել եւ որոշել վերսկսել իրենց աշխատանքները:
Նա պարզաբանեց, խոսքը ՀՀՇ-ի կամ ՀԱԿ նոր կուսակցության մասին չէ. «Հրավիրել ենք նախկին անդամ կուսակցություններին, եթե ՀԱԿ նոր ձեւավորված կուսակցությունից դիմեն՝ նույն կազմով կքննարկենք»:
Նա բացատրեց, որ ՀԱԿ անվանումը ոչ թե իրենք, այլ ՀՀՇ-ն է իրենցից վերցրել.«Մի անգամ դաշինքի մաս կազմող կուսակցությունների անունը վերցրին, վերագրեցին ՀՀՇ-ին… դրա համար հիմա կա բարոյականության խնդիր: Այդ կուսակցության անունով հանդես չենք եկել, հանդես ենք եկել ՀԱԿ քաղաքական խորհրդում մաս կազմող կուսկացությունների անունից, 2008-ից այդ քաղաքական միավորման հիմնադիրն ենք եղել: Ժամանակավորպես դադարեցրել էինք մեր գործունեությունը, մինչեւ ՀԱԿ կուսակցության համագումարը: Հիմա էլ հավաքվել ենք մեր մոտեցումները հստակեցնելու»:
Կարդացեք նաև
ՀԱԿ կուսակցության անվանումի հետ կապված տարաձայնությունները պարոն Մակեյանին չեն հուզում. «15 տարի է վարչախմբի դեմ եմ կռիվ տալիս, հիմա այդ որակի մարդկանց, որոնց 5 տարի է գիտեմ, մտածենք, թե ինչ են ասելո՞ւ: Ես էդ մարդկանց որակը գիտեմ» :
Նա նաեւ չբացառեց, որ հետագայում հնարավոր է իրենք փոխեն իրենց ՀԱԿ կուսակցությունների միավորման անվանումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ