Արման Մուշեղյանը քարոզարշավային հանդիպմանը մասնակցում էր հեռվից՝ ապացուցելով, որ մեր քաղաքի հրապարակներն անգամ հարմարեցված չեն:
Այսօր «Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավին շենգավիթցիների հետ հանդիպմանը ավագանու թեկնածու Անի Քոչարը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում խնդրել որեւէ մեկին, որ «Բարեւ Երեւան» դաշինքին ձայն տան. «Ես չեմ խնդրում, որ դուք ընտրեք մեզ: Ես պարզապես կոչ եմ անում, որ դուք ծանոթանաք մեր ցուցակին, մեր ծրագրերին, եւ եւս մեկ անգամ հասկանաք, որ դուք գոնե մեկ անգամ կարող եք ընտրել այնպիսի մարդկանց, ովքեր կծառայեն ձեզ եւ ոչ թե ձեր իսկ վճարած հարկերով կհարստանան եւ ձեզ կհամոզեն, թե ձեզ համար գործ են արել: Երեւանցին պետք է մեկընդմիշտ հասկանա, որ ընտրում է իրենց ոչ թե տերեր, այլ՝ ծառաներ: Շատ շնորհակալ կլինենք, եթե ձեր վստահության քվեն տաք մեզ: Վստահեք, որպեսզի մենք իսկապես ծառայենք ձեզ»:
Անի Քոչարը բոլորի ուշադրությունը հրավիրեց իր ամուսնու՝ Արման Մուշեղյանի վրա, ով հանդիպմանը հետեւում էր Գարեգին Նժդեհի հրապարակի վերեւից: «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ Արման Մուշեղյանը տեղաշարժվում է սայլակով, եւ քանի որ հրապարակը, անցումը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց, Արմանը հետեւում էր այդ հանդիպմանը հեռվից: Անի Քոչարը նկատեց. «Հարմարեցված չէ ոչ այս հրապարակը, ոչ որեւէ այլ հրապարակ մեր քաղաքում: Ես դրա համար շատ մեծ ցավ եմ ապրում: Ես վստահ եմ, որ եթե մեր ցուցակը հասնի քաղաքային իշխանության, մենք պետք է այնպես անենք, որ Արմանի նման հազարավոր քաղաքացիները մեր քաղաքի գործընթացներին ոչ թե հետեւեն հեռվից, այլ իրենք էլ մասնակցություն ունենան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև