Լրահոս
Օրվա լրահոսը

Պոեզիայի փառատոնի մասնակիցները խորհրդանշական ծառեր տնկեցին Պոեզիայի պուրակում (Տեսանյութ)

Ապրիլ 17,2013 22:56

DCIM105MEDIADCIM105MEDIADCIM105MEDIAՊուրակը բացվեց Գրողների միության հարևանությամբ:

Այսօր Հայաստանի Գրողների միության հարևանությամբ բացվեց Պոեզիայի պուրակը: Միջոցառմանը, որն իրականացավ Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնի   շրջանակում, մասնակցում էին փառատոնի հայ եւ օտարերկրյա հյուրերը: Աշխարհի 30 երկրի ներկայացուցիչները պուրակում տնկեցին գնդաձեւ ակացիաներ` յուրաքանչյուրը տվյալ երկրի անունը կրող պիտակով:

«Սա մի խորհրդանշական պոետական այգի կլինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը` տեղեկացնելով, որ պուրակը մասն է կազմում «Նոր գիրք» գրախանութի եւ առաջիկայում նախատեսվելիք «Գրական հանդիպումներ» սրճարանն ամբողջացնող համալիրի: «Ամիսներ առաջ է ԳՄ հարեւանությամբ բացվել փոքրիկ «Նոր գիրք» գրախանութը: Այն հիմնվել է այն սկզբունքով, որ ամռանը դրանում պետք է բացվեն  միջանցիկ դռներ, իսկ ընթերցողը գիրք վերցնելով` կարող է անմիջապես գրախանութում բացվող դռներից մտնել այգի, որպեսզի գրողը հենց այգում մակագրի գիրքը: Մյուս գաղափարն է` նույն տարածքում հիմնել գրական հանդիպումների սրճարան, որտեղ կկազմակերպվեն գրքերի շնորհանդեսներ, ընթերցողների հետ հանդիպումներ»,-տեղեկացրեց Լևոն Անանյանը` հավելելով, որ գրախանութի հիմնումը խիզախ քայլ է. «Այն պետք է արդարացնի իրեն»:

Փառատոնի շուրջ Անանյանն ասաց, որ Հայաստանը պոեզիայի երկիր է, որն ունի ներկայանալի եւ մրցունակ պոեզիա. «Կարեւոր է, որ մենք բացենք աշխարհի հետ համագործակցության կամուրջները: Այդ ուղղությամբ մեծ գործ է կատարվել. վերջին տարիներին ԳՄ-ն ժամանակակից հայ պոեզիան, դրամատուրգիան եւ արձակը թարգմանել է տասնյակ լեզուներով եւ դրել միջազգային շրջանառության մեջ»:

Մեր զրուցակիցն ասաց, որ նախապես մտահղացում կար Պոեզիայի պուրակը հիմնել Մաշտոցի պուրակում, բայց երիտասարդները չեն ցանկացել, որ այգին կոչվի Պոեզիայի պուրակ, քանզի, ըստ Լևոն Անանյանի, իրենք ետ էին նվաճել պուրակը. «Մտածեցի, որ հենց գրողների միության հարեւանությամբ պետք է լինի Պոեզիայի պուրակը»: Պարոն Անանյանը նաեւ նշեց, որ Երևանի քաղաքապետարանն է տրամադրել Իրանից բերված գնդաձեւ ակացիաները:

«Ուրախ եմ, որ խորհրդանշորեն կխշխշա Պոեզիայի պուրակը»,-եզրափակեց Լևոն Անանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930