«Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավը՝ Շենգավիթում
Այսօր «Բարեւ Երեւան» ցուցակի առաջին համարը զբաղեցնող քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը սկսեց քարոզարշավների շարքը Շենգավիթ համայնքից:
Ուշագրավ էր, որ այն ճիշտ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի ավելի սեղմ տարբերակն էր: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մտնում էր վարսավիրանոցներ, անցորդներին մոտենում, բարեւում, հարցնում ողջությունը, աշխատողներին մաղթում՝ չարչարանքներիդ ապաշխարանք, երեխաների համար ասում՝ «Աստված պահի այս հարստությանը» եւ վերջում հիշեցնում փետրվարի 18-ին գնալ ընտրության, ապա Արմեն Մարտիրոսյանը դա անում էր շտապ. «Բարեւ ձեզ, ես Արմեն Մարտիրոսյանն եմ, «Բարեւ Երեւանի» առաջին համարը: Բարի ընտրություն»:
Մենք պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ կարծում եք չե՞ն ճանաչում ձեզ, որ ներկայանում եք. «Նայած»,- պատասխանեց պարոն Մարտիրոսյանը,- «Հիմնականում ճանաչում են, նույնիսկ մինչեւ մոտենալը ժպտալով են մոտենում, թե ձեզ ճանաչում ենք արդեն: Չէ, խնդիր չկա»: Ավելին՝ Գարեգին Նժդեհի մետրոյի անցումում տաղավարներից մեկի վաճառողը Արմեն Մարտիրոսյանին հեռվից կանչեց՝ «Վա՜յ, Արմենը»: Պարոն Մարտիրոսյանը արձագանքեց՝ «Տե՛ս, ճանաչում են»: Այդ աղջիկը վստահեցրեց, որ Արմեն Մարտիրոսյանին տեսել է հեռուստացույցով եւ նրան կընտրեր, եթե Երեւանի բնակիչ լիներ:
Կարդացեք նաև
Ի դեպ, մի հարցով եւս Արմեն Մարտիրոսյանի քարոզարշավը հիշեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա շենգավիթցիների հետ հանդիպման սկզբում հիշեց անցավորներին եւ կոչ արեց ներկաներին 1 րոպե լռությամբ հարգել Կարեն Դեմիրճյանի հիշատակը, որովհետեւ այսօր նրա տարեդարձն է:
Իսկ պատահական վարսավիրանոց գնալ եւ մազերը կտրել Արմեն Մարտիրոսյանը չի պատրաստվում: Նա Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր վարսավիրին՝ Արամին չի դավաճանի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ