Սակայն խոստանում է բարեփոխումներ իրականացնել:
-Պար’ոն Ջաբրայան, մինչ այս աշխատում էիք «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում` որպես վարչական տնօրեն, իսկ ապրիլի 8-ից դուք նշանակվել եք ընկերության գլխավոր տնօրեն: Ինչո՞ վ էր պայմանավորված այդ փոփոխությունը, ղեկավար կազմում այլ փոփոխություններ եւս եղե՞ լ են:
-Երկու տարի առաջ, երբ ես եւ Իլյա Գարկովը եկանք Հայաստան, մենք այդ ժամանակ բացահայտորեն հայտարարեցինք, որ Dundee Precious Metals-ի ծրագիրն այն է, որ մենք ունենանք հայ տնօրինություն: Ինչպես Բուլղարիայում եղավ բուլղարացի տնօրինություն ունենալու դեպքում: Արդեն 2 տարի է միայն բուլղարացիներն են ղեկավարում Չելոպեչը: Նույն ծրագիրը ցանկացանք նաեւ այստեղ իրականացնել, եւ ահա 2 տարի անց ունեցանք հայ տնօրինություն Դինո գոլդում, իհարկե ես սփյուռքահայ եմ: Ես ավելի հպարտ եմ, որ մենք ունենք 2 նոր տնօրեն, մեր վարչական նոր տնօրեն Վահե Վարդանյանը եւ ֆինանսական բաժնի տնօրեն Նորայր Աղայանը, երկուսն էլ կապանցի են, ինչպես նաեւ արտադրության բաժնի տնօրեն Դավիթ Թովմասյանը:
Կարդացեք նաև
-Երբ նախկինում Ռոբերտ Ֆալետտան էր ղեկավարում ընկերությունը, աշխատողների շրջանում դժգոհություններ կային նրա ղեկավարման քաղաքականության հետ կապված: Նոր տնօրինության նշանակումից հետո ղեկավարությունը խոստացավ բարեփոխումներ անել, եւ աշխատակիցները աշխատանքային պայմանների բարելավման մեծ ակնկալիքներ ունեին, սակայն դժգոհությունները աշխատակիցների կողմից դրանից հետո էլ եղան` նոր տնօրինության ղեկավարման ժամանակահատվածում, հատկապես վերջին ամիսներին: Ի՞նչն էր պատճառը, որ աշխատողների դժգոհությունները շարունակվեցին նաեւ այս տնօրինության օրոք, նույնիսկ շատերն արդեն նախընտրում են Ֆալետտայի ղեկավարումը:
–Այդ դժգոհությունը միշտ էլ պիտի լինի, անհամաձայնությունները հնարավոր է նաեւ հետագայում շարունակվեն, երբեմն աշխատավորը կարող է չհասկանալ ղեկավարությանը եւ բողոքի, երբեմն էլ տնօրինությունը չհասկանա աշխատավորի մոտեցումը եւ որոշ բաներ ասի աշխատավորին, որ չպետք է ասի, կլինի վիրավորել աշխատողին: Այս 2 տարվա ընթացքն ընդհանրապես դրական կգնահատեմ, բայց կույր չեմ եւ չեմ ասի, որ ամեն ինչ լավ է, եւ աշխատողների բողոքը սխալ է, որոշ բողոքների հետ ինքս համաձայն եմ: Բայց եւ այնպես, եթե դու ուզում ես ամբողջ հիմնարկի տարիներով հիմք ստացած աշխատելաոճը փոխել, այդ մեկը բավականին դժվար աշխատանք է: Այս վերջին 2-3 ամսում էմոցիաները շատ բարձր են Դինո գոլդում, եւ եթե տնօրինությունը ինչ-որ բան սխալ է ասել, եւ ես բացահայտորեն ասում եմ, որ մեր ժողովուրդը թող մեր ներողամտությունն ընդունի, որովհետեւ մենք էլ ի վերջո մարդ արարած ենք, մեզ վրա էլ շատ ճնշում կա, իսկ եթե որոշ բանվորներ սխալ են եղել, ապա տնօրինությունն արդեն վաղուց իրենց ներել է եւ պիտի ների:
-Իսկ փոփոխություներ սպասվո՞ւմ են առաջիկայում:
-Բարեփոխումներ պետք է լինեն, որոշ բաներ կան, որոնց հետ ես էլ համաձայն չեմ, եւ ուզում եմ դրանք վերաքննության ենթարկեմ: Մենք տնօրինության կազմով կարծարծենք այդ հարցերը, որոշներն արդեն արծարծել ենք: Մի շարք հարցեր պետք է փոխվեն առաջիկայում, իսկ որոշները երկարաժամկետ ծրագրերի արդյունքում:
-Դուք չհստակեցրիք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը գնում:
-Առաջին հերթին ուզում եմ հիմնարկի վիճակը բարելավել, դրանով կբարելավենք մեր ժողովրդի վիճակը: Dundee Precious Metals-ի պատմության մեջ առաջին անգամ հայ գլխավոր տնօրեն լինելով` ես ավելի լավ եմ հասկանում հայի դարդը, ես այստեղ ժամանակավոր պայմանագրով չեմ, մնալու եմ այստեղ: Այստեղ ապրելով` ծանոթ եմ ժողովրդի խնդիրներին, տեսնում եմ կյանքի դաժան կողմերը, աղքատությունը: Հիմնարկի վիճակը բարելավելու համար մեզ պետք է ժողովրդի աջակցութունը, որի արժեւորումը կտա տնօրինությունը: Օրինակ` Դինոն շահութաբեր դարձնելու դեպքում այդ շահույթը կկիսենք աշխատողի հետ: 50 տոկոսը կտրամադրենք քաղաքին ու աշխատողին, 50 տոկոսը` սեփականատիրոջը: Ինչու չէ այդ շահույթից ստացած գումարով բնակելի շենք կկառուցենք ու կնվիրենք մեր աշխատողներին, իսկ այդ շինարարությունում կընդգրկվեն քաղաքի բնակիչները` աշխատանքով կապահովվեն:
-Գաղտնիք չէ, որ աշխատողների դժգհությունները պայմանավորված են հենց աշխատանքային պայմանների հետ կապված անհամաձայնություններով: Իսկ ընկերությունում ներքին բարեփոխումներ չե՞ք նախատեսում իրականացնել:
-Ներքին բարեփոխումներ նույնպես կիրականացվեն: Այս պահին մեր բոնուսի ծրագրից այդքան էլ գոհ չեմ, այն գնահատում է միայն հանքափորի աշխատանքը, եւ չի գնահատում ֆաբրիկայում կամ մյուս բաժինների աշխատողների աշխատանքը, ես դա կվերանայեմ: Մենք կանգնեցրել էինք ներքին սոցիալական ծրագիրը` վիրահատությունների, բժշկական օգնությունների աջակցությունը: Դադարեցրել էինք, որովհետեւ արտադրություն չկար, հիմնարկն աշխատում էր լուրջ վնասներով, եւ ներքին այլ դժվարություններ կային: Ես խոստանում եմ, որ այս ամսվանից սկսած` 3 ամիս շարունակաբար հիմնարկը պլաններն իրականացնելու դեպքում, հուլիս ամսվանից սկսած կվերսկսենք ներքին սոցիալական ծրագրերի իրականցումը: Ես նաեւ խոստանում եմ, որ տարին լավ փակելու եւ 9 ամսվա ծրագրերը լավ իրականացնելու դեպքում, 2014թ.-ից կսկսեմ ներառել նաեւ աշխատողների ապահովագրության ծրագիրը, որը 1 տարվա կտրվածքով կազմում է մոտ 270 հազար դոլար:
Ընկերության գլխավոր տնօրենի հարցազրույցի մյուս մանրամասները եւ մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ՝ հաջորդիվ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ