Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն խոստանում է լուծել կոնդեցիների խնդիրը` անկախ ավագանու ընտրությունների արդյունքներից (Տեսանյութ)

Ապրիլ 17,2013 22:10

Երեւանի ավագանու քարոզարշավի շրջանակներում այսօր ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Վահե Էնֆիաջյանը հանդիպեցին մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչների հետ:

Վարդան Օսկանյանն իր ելույթում նկատեց, որ մայիսի 5-ը` ավագանու ընտրությունների օրը շատ կարեւոր օր է, եւ ժողովուրդը կարող է այդ օրը բեկումնային դարձնել:

Օսկանյանն այն կարծիքին էր, որ մայիսի 6-ից սկսած Երեւանում կարելի է լրջագույն փոփոխություններ սկսել իրականացնել: «Գիտեք, որ ԲՀԿ-ն հավակնում է քաղաքային իշխանությունը վերցնելու, քաղաքապետ նշանակելու: ԲՀԿ-ն այսօր իշխանության մաս չի կազմում, մենք կոալիցիա չենք մտել, մենք գտնում ենք, որ այն, ինչն այսօր Հայաստանում կատարվում է, անընդունելի է: Այսպես հնարավոր չէ շարունակել եւ մենք ուզում ենք պատասխանատվություն վերցնել` երկրում իրավիճակ փոխելու: Ահավասիկ հայցում ենք` տվեք մեզ այդ իշխանությունը: Այդպիսի հնարավորություն ձեզ տրված է մայիսի 5-ին: Ընտրություններով դուք կարող եք Հայաստանում սկսել բան փոխել»,- կոնդեցիներին ասաց Վարդան Օսկանյանը` հավելելով, որ այսօրվա հիմնական խնդիրը քաղաքական մենաշնորհն է ու մինչ քաղաքական համակարգում հակակշիռներ չստեղծվեն, մրցակցություն չլինի տարբեր կուսակցությունների միջեւ եւ ժողովրդին դուր գալու համար, հնարավոր չէ իրավիճակը շտկել:

Օսկանյանը վստահ է, որ ԲՀԿ-ն Երեւանում կարող է շատ բան փոխել, մարդկանց համար արժանավայել կյանք ապահովել, որպեսզի մարդիկ այլեւս չլքեն իրենց քաղաքը: Ասաց նաեւ, որ քաղաքական առողջացմանը զուգահեռ ԲՀԿ-ն նաեւ քաղաքային խնդիրների` սոցիալական, կենցաղային, լուծումների իր, ըստ ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող անձի, լուրջ ծրագիր է ներկայացրել:
Կոնդեցիները ԲՀԿ-ականներին ներկայացրեցին իրենց խնդիրը:

Հիշեցնենք, որ դեռ Երվանդ Զախարյանի քաղաքապետ եղած շրջանում Կոնդը հայտարարվեց իրացման գոտի: Բնակիչների հետ` 106 ընտանիքներ, պայմանագրեր կնքվեցին, որ երկու տարվա ընթացքում, կառուցապատման արդյունքում, նոր թաղամաս է կառուցվելու` նոր բնակարաններով: Մարդիկ տեղահանվեցին իրենց բնակարաններից ու մինչ օրս վարձով են բնակվում` մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Նոր բնակարանների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2011-ին, սակայն, կառուցապատման նշույլներ Կոնդում դեռ չկան: Արդեն հույս էլ չկա: Բնակիչները դիմել են տարբեր պետական կառուցների եւ հասկացել, որ պետությունը, որն, ըստ պայմանագրի, կապող օղակ է բնակչի եւ կառուցապատողի միջեւ, չի պատրաստվում իրենց խնդիրներին լուծում տալ:

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը կոնդեցիներին հավաստիացրեց, որ անկախ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներից, ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը կզբաղվի կոնդեցիների խնդիրներով:

ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն էլ, հանդարտեցնելով կրքերը, հայտարարեց, որ երբ տեղեկացան, որ կոնդեցիները ցանկություն են հայտնել հանդիպել ԲՀԿ-ի հետ, կուսակցությունում խնդրին նվիրված քննարկումներ են իրականացրել` լուծումներ գտնելու համար, որպեսզի չստացվի, թե դիմացն ընտրություն է, եկել են խոստումներ են շռայլում. «Այո, շատ ճիշտ եք, ի՞նչ է նշանակում՝ մտածում ենք, քանի՞ տարի պետք է մտածեն: Մենք իսկապես հասկացել ենք, որ չկա անլուծելի խնդիր, որ այս խնդիրը ևս լուծելի է և ընդամենը հարկավոր է ճիշտ կազմակերպել քայլերի հաջորդականությունն ու ունենալ ցանկություն, կամք և կարողանալ ճիշտ տարանջատել կարևորը անկարևորից: Կոնդը քաղաքային իշխանության համար պետք է ճանաչվեր գերակա շահ: Գերակա շահը ձեզ բնակարանով ապահովելն է»:

Տիկին Զոհրաբյանը հետաքրքրվեց` ինչպե՞ս են տեսնում իրենք`կոնդեցիները խնդրի լուծումը: Կոնդեցիները ասացին, որ ներդրող է պետք, որ գործընթացը շարունակի, պետությունը պետք է տեր կանգնի ու գոնե մինչև հարցի լուծումը ֆինանսավորի բնակիչներին, որոնք ամեն ամիս գրեթե գնում բողոքում են ՀՀ նախագահին, ով կարգադրում է` վարձով բնակվելու գումար վճարել` ամեն ընտանիքին 60 հազար դրամ:

Բնակիչները նաեւ դժգոհեցին, որ Ֆիրդուսի շուկայի հարակից տարածքի բնակիչներին ամսական 80 հազար դրամ են տրամադրում վարձով բնակվելու համար: Տիկին Զոհրաբյանը խոստացավ, որ առաջիկա իսկ քառօրյայում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարցը հնչեցնելու է եւ որպես առաջին պայման փորձելու է հասնել նրան, որ կոնդեցիներին էլ 80-հազարական դրամ տան` վարձով բնակվելու համար, մինչեւ որ քայլ առ քայլ մնացյալ հարցերն էլ կարգավորվեն:

Վարդան Օսկանյանն էլ նկատեց, որ հարցը ցավոտ հարց է, և այն անպայման կբարձրաձայնվի բոլոր ատյաններում`անկախ ավագանու ընտրությունների արդյունքներից. «Եթե քաղաքային իշխանությունը մենք ունեցանք, ես խոստանում եմ, որ գալու ենք ձեզ հետ հանդիպելու և մեր լծակներով քննարկելու ենք: Նաև ասում եմ ` ձեր խնդիրը հնարավոր է լուծել, ավելին` սա քաղաքի կենտրոնն է, այնպիսի արժեք կարելի է ստեղծել Կոնդում, որ Հյուսիսային պողոտայից էլ լավ տեղ լինի…Հավատացնում եմ` ամեն ինչ հնարավոր է լուծել, և մենք դա կանենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930