Բերդի ավագ դպրոցի տնօրենը լրագրողին՝ «դո՞ւ ով ես»:
Բերդի մեր աղբյուրները հայտնեցին, որ Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային կառուցի ղեկավար Արմեն Ղուլարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ սերտ առնչությունների մեջ է, եւ այդ պատճառով Բերդի ավագ դպրոցում աշխատանքի է տեղավորել ԲՀԿ Բերդի տարածաշրջանի կառույցի ղեկավար Նինա Ադամյանին:
Բերդի ավագ դպրոցի ինտերնետային կայքում տեղադրված են դպրոցի ուսուցիչների լուսանկարները եւ գրված են նրանց պաշտոնները, սակայն Նինա Ադամյանի լուսանկարի տակ պաշտոնի մասին գրառում չկա: Որպես լրագրող ներկայանալով՝ ավագ դպրոցի տնօրեն Արթուր Մելիքյանին հարցրինք, թե Նինա Ադամյանը դպրոցում ի՞նչ է աշխատում: Մելիքյանն ասաց, որ նա ներառական կրթության աշխատող է: Արթուր Մելիքյանն անհանգստացավ, թե ինչո՞ւ ենք այդ մասին հարցնում: Մելիքյանն ասաց, որ ինքը չգիտի, թե Նինա Ադամյանը քանի տարեկան է, նա ունի՞ հաշմանդամության երկրորդ կարգ: Ասացինք՝ չէ՞ որ իր մոտ են գտնվում Նինա Ադամյանի փաստաթղթերը: Դպրոցի տնօրենը զայրացավ, ասելով . «Քեզ հաշվետո՞ւ եմ, դու ո՞վ ես, դա իմ գործն է»: Դպրոցի տնօրենին քաղաքավարի հարցրինք՝ ոչ ոք դպրոցի հետ կապված իրեն չպիտի՞ հարցեր տա: «Դուք երեւի՝ չէ»,- պատասխանեց 2000-2011 թթ. Բերդի թիվ 3 դպրոցը ղեկավարած, 2011-ից Բերդի ավագ դպրոցը տնօրինող, 2003,2004 եւ 2005 թվականներին Տավուշի մարզի դպրոցների լավագույն տնօրեն ճանաչված Արթուր Մելիքյանը:
Հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին մեզ զանգահարեց Նինա Ադամյանը , ում անձնապես ծանոթ ենք: Տիկին Նինան ասաց, որ ինքը երկար տարիներ Բերդի տարածաշրջանում ղեկավար պաշտոններ է զբաղեցնում, ակտիվորեն մասնակցել է ազատամարտին, 8 մեդալ ունի: Նա ասաց, որ ինքն ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլերենի բաժինը, արդեն երկու տարի Բերդի ավագ դպրոցում աշխատում է որպես դաստիարակ,իր աշխատավարձը մեծ չէ՝ 40 հազար դրամից քիչ ավելի:
Կարդացեք նաև
Տիկին Ադամյանն ասաց, որ 2 տարի առաջ մարզպետ Արմեն Ղուլարյանն իրեն լավություն անելով՝ աշխատանքի է տեղավորել, որ դա կուսակցական հարաբերությունների հետ կապ չունի: Նաեւ հայտնեց, որ ինքը 1944 թվականին է ծնվել, ադրբեջանական հրետակոծությունից տուժելով՝ երկրորդ կարգի հաշմանդամ է, նաեւ ղեկավարում է հայկական Կարմիր Խաչի Բերդի մասնաճյուղը: Նրան հարցրինք, թե 69 տարեկան, երկրորդ կարգի հաշմանդամ կնոջը դժվար չէ՞ այդքան գործ կատարել՝ ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Բերդի տարածաշրջանային կազմակերպությունը, Հայկական Կարմիր Խաչի տեղի մասնաճյուղը, «Սոսե, մայրերի ասոցացիա» ՀԿ-ն,ավագ դպրոցում դաստիարակ աշխատել: Տիկին Նինան ասաց, որ ինքը շատ եռանդ ունի եւ կարողանում է այդ գործերը կատարել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչու եք իզուր տեղը մեղադրում մարզպետ Արմեն Ղուլարյանին, չէ որ նա չի կարող ավագ դպրոցներում նշանակումներ կատարել այն պարզ պատճառով, որ ավագ դպրոցները պատկանում են ՀՀ Կրթուրյան և գիտության նախարարությանը: Մի գուցե դիմեք նախարար Արմեն Աշոտյանին թե այտ ինչ դաստիարակի պաշտոնն են հնարել, կամ էլ արդեն ավագ դպրոցների ու մանկապարտեզների միչև տարբերությունը վերացրել են մենք էլ անտեղյակ ենք: