Կոմիտասի ստեղծագործությունները վերջին շրջանում հաճախ ենք տեսնում երգարվեստի տարբեր ներկայացուցիչների երգացանկում՝ սեփական մեկնաբանությամբ: Վերջերս էլ կարծիքների ու մեկնաբանությունների բախում եղավ, երբ համացանցում հայտնվեց Սերժ Թանկյանի, օրեր անց նաև «Empyray» ռոք խմբի կատարմամբ Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը:
«Epyray»-ի վոկալիստ Սարգիս Մանուկյանի խոսքով՝ ոչինչ ինքնանպատակ չի լինում. «Մտահղացումը վաղուց կար, պարզապես դրան մի քիչ զգույշ էինք մոտանում – ասում է նա, – փորձել ենք այնպես անել, որ երգի բնօրինակին չվնասենք»: Երգը համացանցում հայտնվելուն պես մեծ արձագանք ստացավ երաժշտասերների շրջանում. ոմանց դուր էր եկել, ոմանց՝ ոչ: Սարգիսին, սակայն, հասել են միայն դրական արձագանքները, ասում է. «Մինչև հիմա միայն դրական կարծիքներ եմ լսել: Կարծում եմ` սուբյեկտիվ է արձագանքների վրա հիմնվելը, բայց մենք ավելի պատասխանատվությամբ ենք գործին վերաբերվում ու ասեմ, որ այս ամենը շարունակություն է պահանջում»: Սարգիսի խոսքով՝ «Empyray»-ը պատրաստվում է ներկայացնել Կոմիտասի երգերի մի ամբողջ շարք՝ սեփական մեկնաբանությամբ, իսկ թե երբ՝ կախված է տրամադրությունից և ստեղծագործելու ցանկությունից:
Այն, որ Սերժ Թանկյանի կատարումից հետո միայն «Empyray»-ի կատարմամբ «Գարուն ա»-ն հայտնվեց համացանցում՝ Սարգիսը տեղյակ է, ավելին՝ ասում է, դա ինչ –որ չափով առիթ դարձավ երգը համացանցում տեղադրելու. «Մեր երգը երկու – երեք ամիս առաջ էր պատրաստ եղել, ուղղակի այդ ժամանակ որոշեցինք համացանցում տեղադրել, – ասում է նա, – եթե մարդիկ ոչ ավարտուն տարբերակն են արդեն համացանցում տեղադրում, ցանկացանք որպեսզի նրանք լսեն նաև վերջնական տեսքի բերված տարբերակը»: Սերժ Թանկյանի մեկնաբանությունը Սարգիսը որակում է որպես ինքնաբուխ կատարում ու հավելում. «Երկար մտածված չէր ու շեշտը դրված չէր երաժշտական արժեք ստեղծելու վրա, տպավորություն էր, թե դաշնակահարի հետ մտել է ստուդիա ու երգը ինչպես հիշել այդպես էլ երգել է»:
Տիգրանուհի Թասլակյան