Հղի կանանց հավաստագրերը տպարանում են, շուտով կբաշխվեն
Արդեն մի քանի շաբաթ է, հղի կանանց չի տրվում անվճար ծննդաբերելու համար նախատեսված հավաստագիրը: Այն հղի կանանց տրամադրվում է կամ պոլիկլինիկաներում կամ տալիս է այն գինեկոլոգը, որտեղ հղի կինը հաշվառված է:
Բժիշկները սերտիֆիկատ չտալու որեւէ լուրջ պատճառ չեն նշում` ասելով, որ որեւէ խնդիր չի առաջանա եւ որ բուժհիմնարկներն իրար մեջ պայմանավորվածություն ունեն առանց հավաստագրի էլ սպասարկել: Սակայն Aravot.am-ին ահազանգած հղի կանայք մտավախություն ունեն, որ այդ վիճակով վերջին օրերին խնդիրների մեջ կհայտնվեն:
«Որեւէ մեկը չի ասում, թե ինչու չկա հավաստագիր, չե՞ն հասցնում տպել, թե կարգն են փոխում ու այլեւս չեն տրամադրելու, ոչինչ չեն ասում, երեւի իրենք էլ չգիտեն»,- մեզ հետ զրույցում հավաստագրի բացակայության պատճառների վերաբերյալ սեփական վարկածները հայտնեց հղի կանանցից մեկը, որը մի քանի օրից ծննդաբերելու է, սակայն` առանց հղիության հավաստագրի:
Կարդացեք նաև
Նշենք, որ հավաստագիրը կանանց տրվում է հղիության վերջին ամիսներին`22 շաբաթականում` այս կամ այն հիվանդանոցում ծննդաբերելու համար:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հղիության հավաստագրերի դեֆիցիտը, առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը պարզաբանեց, որ խնդիրն առաջացել է` պայմանավորված գնումների մասին օրենքով. «Այժմ կենտրոնացված կարգով պետք է գնումներն իրականացվեն եւ Առողջապահության նախարարությունն արդեն պատվեր տվել է: Այսինքն` խնդիրը տեխնիկական է, եւ բոլոր բուժհիմնարկներին իրազեկել ենք, որ ցանկացած հղի կին կարող է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր եւ փոխանակման քարտ ու նրանց պարտավոր են սպասարկել: Գործընթացն արդեն սկսվել է եւ տպարանին պատվերը տրված է: Շուտով կստանանք ու կբաշխենք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ