Այսօր «Առաքելություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում շրջայց կատարեց ԵՊՀ-ի եւ տնտեսագիտական համալսարանի շրջակայքում: Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը հայտնեց, որ իրենց շրջայցից հաճելիորեն զարմացել են, քանի որ ուսանողության զգալի հատվածը տեղյակ է եղել «Առաքելության» մասին. «Մեզանից կոնտակտներ խնդրեցին, հետագայում կապ հաստատելու համար, նրանց դուր էր եկել մեր բուկլետների կառուցվածքը, որում միանգամից կետային լուծումներ են: Նրանց շատ էր հետաքրքրում տրանսպորտի, բնապահպանական վիճակը, քաղաքի լուսավորության հետ կապված հարցերը: Երիտասարդները հետաքրքրվեցին մեր կուսակցության հիմնադրմամբ, համալսարանականներն ուրախացան, որ մեր առաջին եռյակից երկուսը հենց ԵՊՀ-ի շրջանավարտներ են»,- ասաց Սուքիասյանը:
Մեր հարցին, հնարավոր է, արդյոք, որ այդ ուսանողներից ոմանք համալրեն «Առաքելության» շարքերը, նա պատասխանեց. «Այդ կարգի հայտարարություն կխուսափեմ անել, բայց որ համակրանք եւ հետաքրքրություն կար, մենք դրանում համոզվեցինք, բայց միեւնույն ժամանակ զգացինք, որ քարոզարշավի ընթացքում դեռ շատ աշխատելու տեղ ունենք, հատկապես իրազեկության առումով: Որքան էլ պաստառներ ենք փակցնում, հեռուստատեսային հաղորդումներ ունենում, միեւնույն է՝ կենդանի շփումը միշտ էլ պետք է»:
Դիտարկմանն էլ՝ բուհերի տարածքում քարոզարշավ անելն օրենքի խախտում չէ՞, Սուքիասյանը նշեց. «Մենք բուհերի տարածքներ չենք մտել, եղել ենք բուհերի տարածքներին հարակից այգիներում եւ մայթերում, օրենքի խախտում թույլ չենք տվել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ