Բահրեյնից մեր ՊԵԿ-ի հարցումները կամ ուշացնում են, կամ թողնում անպատասխան`
միջազգային փաստաթղթի բացակայության պատճառով:
Հայաստանի եւ Բահրեյնի Թագավորության մաքսային գործերում այսուհետ համագործակցություն եւ փոխադարձ օգնություն կլինի: Վաղը կառավարությունը հավանություն կտա ՊԵԿ- ղեկավար Գագիկ Խաչատրյանի առաջարկությանը` մեր երկրի եւ Բահրեյնի միջեւ նշված ոլորտում համաձայնագիր կնքելուն:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:
Կարդացեք նաև
Կառավարություն ներկայացրած տեղեկանքի համաձայն, պարոն Խաչատրյանը համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ շատ հաճախ Բահրեյնի համապատասխան ոլորտին կատարած հարցումների պատասխանները ուշանում են, երբեմն մնում են անպատասխան՝ 2 երկրների մաքսային ծառայությունների միջեւ ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայության պատճառով:
«Նախագծով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցություն, փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակման արարողակարգերի պարզեցում, հստակեցում: Վերոհիշյալ փաստաթղթի ստորագրմամբ կհաստատվի ուղղակի կապ 2 երկրների համապատասխան ստորաբաժանումների միջեւ, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Բահրեյնի Թագավորությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծման եւ Հայաստանի Հանրապետությունից Բահրեյնի Թագավորություն արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ եւ օպերատիվ լուծման վրա»,-նշված է կառավարություն ներկայացրած փաստաթղթում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ