Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը քանդել տվեցին անձրևի տակ արված ասֆալտը (ֆոտոշարք)

Ապրիլ 17,2013 17:34

 

PrevPhoto
NextPhoto

Մի քանի օր է` գյումրեցի լրագրողների ուշադրության կենտրոնում մշակութային մայրաքաղաք հռչակված քաղաքի փողոցներում կատարվող «յուրօրինակ» ասֆալտապատումն էր:

Գյումրիում 2 օր է` հորդառատ ու սառը անձրև է տեղում, որը մի վայրկյան անգամ չի դադարում: Որքան էլ զարմանալի է, իրենց գործը չեն դադարեցնում նաև ասֆալտապատող ընկերությունները. վերջիններս չռչռացող անձրևի տակ ասֆալատում են քաղաքի բոլոր կենտրոնական փողոցները:

Նախորդ օրը Aravot.am- ը տեղադրել էր ԳԱԼԱ հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Գասաբյանի արած լուսանկարը դատարանի դիմացի փողոցից, որը հեղինակը վերնագրել էր. «Ինչ որ տեսել են աչքերս. կրկին անձրև ու ասֆալտապատում»:

Այս նյութից անմիջապես հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագանու նիստի ժամանակ նախազգուշացրեց` խստորեն հանձնարարել շինարարներին այլևս ասֆալտ չանեն անձրևի տակ: Սակայն սա էլ չօգնեց Գյումրու ատկատների սովոր «ասֆալտչիկներին»:

Օրինակ` Շարլ Ազնավուրի հրապարկում մեր աչքով տեսանք, թե ինչպես է շինարար Չուբար Զարգարյանի բրիգադը կարկտախառն անձրևի տակ ասֆալտ փռում: Լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ համատեղ որոշել են քանդել անձրևի տակ արված անորակ ասֆալտը:

Քիչ առաջ Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը Aravot.am-ին ուղարկեց Գյումրու տարբեր փողոցներից անորակ ասֆալտի քանդման պահը ֆիքսող լուսանկարներ` հետևյալ պաշտոնական պարզաբանմամբ. «Վերջին օրերին Գյումրու քաղաքապետարանի պատվիրատվությամբ իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ժամանակ մի շարք զանգվածային լրատվության միջոցներ արձանագրեցին, որ այդ աշխատանքները իրականացվել են անձրեւային եղանակին: Անբարենպաստ եղանակով պայմանավորված, թերություններ ու անորակություն բացառելու նպատակով Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուները քանդել են այն հատվածները, որոնց ասֆալտապատումը իրականացվել է անձրեւային եղանակին: Տվյալ հատվածներում վերանորոգման աշխատանքները կրկին կիրականացվեն եղանակային նորմալ պայմանների դեպքում: Պատասխանատուները վստահեցնում են` ասֆալտապատման աշխատանքները մարզկենտրոնում իրականացվելու են բացառապես տեխնոլոգիական պայմանների պահպանմամբ եւ պահանջվող չափանիշներին համապատասխան: Գյումրիում ասֆալտապատման լայնամասշտաբ աշխատանքները կմեկնարկեն միայն եղանակային նորմալ պայմանների դեպքում: Ընդհանուր առմամբ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում իրականացվելու է շուրջ 710 մլն դրամի աշխատանք, 390 մլն-ը Շիրակի մարզպետարանի, շուրջ 320 մլն-ը Գյումրու քաղաքապետարանի պատվիրատվությամբ» :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Լավ է մարզպետը ֆայմեցրեց , թե չէ էդ Բալասանյանը ու իրա կոմունալի պետը ու տեղակալ Չուբարը ու հատկապես Զորաբիկը պտի հերթական անգամ անրդարացնեին, թե ինչ է եղել, որ զատո, Կնյազն ասել է , թե էդ էն անձրևը չէր, որ չլցնեին ասֆալտ:խնդալու է էլի:Այ սա ֆիքսեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930