Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Ողջունելով հյուրին՝ Նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:
ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները և Գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում և Երևանում անցկացվելիք միջոցառումները: Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարևոր հարցերը և արդի մարտահրավերները: Երկուստեք կարևորվել են խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային գործընթացներին և առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ