Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ուր նշանակվել էր Ստեփան Հովակիմյանի գործով հերթական դատական նիստը, հրավիրվել էր շտապօգնության բրիգադ: Այդ իսկ պատճառով նշանակված ժամից կես ժամ ուշացումով սկսվեց դատական նիստը:
Դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ համաձայն 335 կանչի թերթիկի՝ ամբաստանյալի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում: Այլ հետեւություններ չկային, ինչպես փորձեց տեղեկանալ մեղադրող Ջոն Ֆարխոյանը, մասնավորապես նկատի ունենալով այն, թե արդյոք ամբաստանյալն ի վիճակի է շարունակել մասնակցել դատավարությանը: Ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանը դատարանին տեղեկացրեց, որ երեկվանից ունի գլխապտույտներ, սրտխառնոց եւ ճնշումն էլ անկայուն է: Նա խնդրեց հետաձգել դատական նիստը:
Դատական այսօրվա նիստին ներկա էր Ստեփան Հովակիմյանի պաշպաններից մեկը՝ Ռոբերտ Ռեւազյանը, իսկ Արամ Ճուղուրյանը շտապ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ռ. Ռեւազյանը խնդրեց, որպեսզի հաշվի առնվի նաեւ այդ հանգամանքը դատական նիստը հետաձգելիս:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 26-ին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է մեկ այլ քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Սամվել Հարությունյանին դատական նիստի ժամանակ ոտքով հարվածելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ