«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը նկատում է, որ ՀՀ-ում փոփոխությունների միակ ելքը հնարավորինս անցնցում իշխանափոխությունն է:
«Այսօրվա կառավարման համակարգը չի արդարացնում իրեն, մենք դրա բացասական ապացույցներն ամեն օր տեսնում ենք եւ արտագաղթով, եւ բնության քայքայումով, եւ մարդկանց իրավունքների, արժանապատվության ոտնահարումով»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Ըստ նրա`նման պայմաններում հնարավոր չէ ոչ միայն իրավիճակը շտկել, այլեւ քաղաքական փոփոխություններ իրականացնել:
Հարցի լուծման միակ ելքը ՀՀ-ում նոր որակի պետության ստեղծումն է, որը կարող է իրականանալ «Նախախորհրդարան» քաղաքական-քաղաքացիական նախաձեռնության առաջ քաշած ծրագրերի միջոցով:
Կարդացեք նաև
«Այս ամբողջ նախաձեռնության վերջնական նպատակը ՀՀ-ում նոր որակի պետության ստեղծումն է, դա նշանակում է համակարգային փոփոխություն: Այդ փոփոխությունները պետք է լինեն հնարավորինս անցնցում եւ լիարժեքորեն լեգիտիմ` իշխանափոխության միջոցով»:
Նա բացատրում է, որ կառավարման ներկա համակարգի գոյության պայմաններում արդեն իսկ պետք է ստեղծել զուգահեռ կառույցներ, որոնք իրենց կենսունակությամբ փոփոխության հայտ կներկայացնեն:
«Դա անելու համար կան երեք հիմնական գործառույթներ` նոր որակի պետության տեսլականն է` բոլոր ոլորտներում նոր հայեցակարգի գոյությունը փաստաթղթային ձեւով, ՀՀ-ի եւ սփյուռքի մտավորականների խմբի ձեւավորման արդյունքում տարվող աշխատանքն է, որի ընթացքում, ովքեր ունեն նորի մասին ասելիք եւ այն իրագործելու պատրաստակամություն, կհամախմբվեն պայքարի շուրջ, եւ հիմնադիր խորհրդարանի ստեղծումը, որը պետք է ընդունի այդ ապագա պետության տեսլականը եւ քաղաքական պայքար տանի` իրականացնելու իշխանափոխությունը»:
«Այդ աշխատանքը վաղուց արդեն սկսված է, բայց փետրվարի 18-ից ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակը արագացրել է գործընթացները. ՀՀ քաղաքացիներն իրենց տրամադրվածությունն են հայտնում արագացնելու պրոցեսները, եւ կարծում եմ` ճիշտ աշխատելու պարագայում ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում հասունացած վիճակ արդեն կարելի է տեսնել մեր երկրում»,-եզրափակում է Ալեք Ենիգոմշյանը` նկատելով, որ նախաձեռնության ծրագրերի մասին հանրության իրազեկումը շարունակական բնութ է կրում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Աստված Ձեզ հետ, մեզ հետ, և բոլոր նրանց հետ, ով ողջունում և աջակցում է ,,Նախախորհրդարան,,
իշխանափոխության նախաձեռնությունը: