Հետաքննություն իրականացնող քննիչներն այժմ աշխատում են պայթյունների վայրում տեղի ունեցածը «մաս-մաս վերականգնելու ուղղությամբ»
ՀԴԲ-ի քննիչների համաձայն, Բոստոնի մարաթոնի ընթացքում գործածված երկու ռումբերը տեղափոխվել են մուգ գույնի պայուսակում և հնարավոր է, որ պատրաստված լինեին շուտեփուկ կաթսաներից, որոնց մեջ լցված էին մեխեր և գնդիկավոր առանցքակալներ:
Հետաքննություն իրականացնող պետական այս մարմնի քննիչներն այժմ աշխատում են պայթյունների վայրում տեղի ունեցածը «մաս-մաս վերականգնելու ուղղությամբ»:
Իշխանությունները դիմել են հասարակությանը՝ սիրողական տեսանյութեր և լուսանկարներ տրամադրելով խնդրանքով, որոնք նույնպես կարող են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունները կազմակերպած անձանց մասին:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Բոստոն կայցելի հինգշաբթի օրը՝ հարձակման զոհերի հիշատակին նվիրված հիշատակի արարողությանը մասնակցելու համար:
Նախագահ Օբաման նախօրեին «ահաբեկչական հարձակում» է որակել Բոստոնի մարաթոնի ժամանակ իրականացված ռմբային հարձակումները:
ԱՄՆ-ի Սպիտակ տանն անցկացված ասուլիսի ժամանակ նախագահ Օբաման ասել է, թե Բոստոնում իրականացված հարձակումները «սարթսափելի և թուլամորթության մասին վկայող» արարք են:
Բոստոնում կատարված ահաբեկչական հարձակումների հետաքննությունը գլխավորող ՀԴԲ-ի գործակալ Ռիք Դելորյեի համաձայն, ստացվում են «մեծածավալ հուշումներ», և քննիչները կշարունակեն բացահայտել հարձակման հետքերը՝ «ուր էլ որ դրանք տանեն»:
«Հետաքննությունը կիրականցվի ամբողջ աշխարհով մեկ: Մենք կհասնենք մոլորակի ցանկացած վայր՝ հայտնաբերելու համար նրանց, ովքեր պատասխանատու են այս զարհուրելի հանցագործության համար, և կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք ենթարկվեն պատասխանատվության», – ասել է հարձակումների հետաքննությունը գլխավորող ՀԴԲ-ի գործակալը:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»