Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարը պետք է համախմբող լինի

Ապրիլ 17,2013 16:20

Հայաստանյան գյուղերը շարունակվում են դատարկվել, ծերանալ և ամայանալ: Հիմնական պատճառների թվում է ոլորտում քաղաքականություն մշակող կառույցի` գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված և այսօր էլ իրականացվող սխալ ագրարային քաղաքականությունը:

Կառավարության և նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտը գերակա ուղղություն հռչակելուց հետո էլ գյուղացու համար այդպես էլ չեն ստեղծվում ապրելու և աշխատելու համար տանելի պայմաններ, չեմ խոսում բավարար կամ նորմալ պայմանների մասին: Որքան այս գյուղնախարարությունը «շրջվում է դեմքով դեպի գյուղը», չգիտես ինչու այնքան ավելի է խորանում գյուղական աղքատությունը:

Որքան ավելի շատ են գյուղնախարությունն ու անձամբ նախարար Սերգո Կարապետյանը խրոխտ զեկույցներ ներկայացնում աննախադեպ հաջողությունների մասին, այնքան ավելի մեծ թվով գյուղացիներ են օրեցօր խրվում ու խճճվում հարկերի, պարտքերի, վարկերի ու տոկոսների մեջ: Շատ գյուղացիներ ընդհանրապես չեն էլ զգում գյուղնախարարության գոյությունը: Զգացողներն էլ զարմանում են, թե որքան տարբեր է նախարարության թվաբանությունը իրենց իրական թվաբանությունից: Գյուղացու աճեցրած բերքի ինքնարժեքը հաճախ այնքան բարձր է լինում, որ շատերը պարզապես «շպրտում» են հողը և հրաժարվում այն մշակելուց: Հողերը մնալով անմշակ, դեգրադացվում, շարքից դուրս են գալիս: Հիասթափված և հուսահատ գյուղացին, գյուղում զարգացման որևէ հեռանկար չտեսնելով` ստիպված բռնել է ազգակործան արտագաղթի ճանապարհը:

Գյուղնախարարությունը, բացի զուտ քաղաքականություն մշակող գերատեսչություն լինելուց, կարող էր և պարտավոր էր ստանձնել գյուղատնտեսության ոլորտի, քաղհասարակության, շահագրգիռ այլ կառույցների կարող ուժերին համախմբող օղակի դերը: Մինչդեռ, գյուղերում ստեղծված դժվարին վիճակը շտկելու ուղիներ որոնելու և արտագաղթը կանխելու համատեղ միջոցառումներ մշակելու և իրականացնելու փոխարեն, գյուղնախարարը ոլորտի ներկայացուցիչներին բաժանել է «օտարների» և «յուրայինների»: «Օտարների» ցուցակում հայտնվում են նրանք, ովքեր փորձում են գյուղում տիրող իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես կա իրականում, իսկ գյուղի ծանր վիճակը «չնկատող» և գյուղատնտեսության զարգացման չերևացող տեմպերը գովերգողները հայտնվում են «յուրայինների» ցուցակում: Վերջիններս էլ մասնակցում են գյուղնախարարության կողմից իրականացվող ծրագրերին: Նախարարին բազմիցս համագործակցելու կոչ ենք արել, աջակցության ձեռք մեկնել, սակայն որևէ արձագանք չենք ստացել: Հետո էլ զարմանում են, թե «ինչո՞ւ է խիյարը թարս աճում»:

Գյուղնախարարին կցանկանայի հիշեցնել նաև, որ երկրի հիմնական` Կայուն զարգացման ծրագրով (ԿԶԾ), (այժմ էլ` 2013թ –ից 2025թթ –ի Հեռանկարային զարգացման ծրագրի նախագծով (ՀԶԾ)), կառավարության և Քաղաքացիական հասարակության ցանցի (ՔՀՑ) միջև ստորագրվել է սոցիալական գործընկերության Համաձայնագիր/Հուշագիր, որով նախատեսվում է, որպես շահագրգիռ կողմ, քաղհասարակության մասնակցությունը այդ ծրագրերի մշակման, իրականացման, մոնիտորինգի (մշտադիտարկման) և գնահատման գործընթացներին: Թեպետ չի բացառվում, որ գյուղնախարարը սրա մասին էլ տեղյակ չէ:

Ընթերցողին հիշեցնեմ, որ վերոնշյալ «դեմքով դեպի գյուղը» մարշարշավը գյուղնախարար Սերգո Կարապետյանը սկսեց պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, որը սկզբում շատ դրականորեն ընդունվեց գյուղացիների կողմից: Միաժամանակ, նա ընդլայնեց նախարարության կոլեգիայի կազմը, դրանում ներգրավելով նաև իր պատկերացմամբ «օտարներին»: Սա նույնպես հետաքրքիր և ողջունելի քայլ էր նախարարի կողմից: Բայց շուտով բացահայտվեց նրա պոպուլիստական գործելակերպը, և գյուղացիները մեծ հիասթափություն ապրեցին, իսկ «օտարները» լքեցին կոլեգիան:

Գյուղնախարարությունից երբեմն փորձում են արդարանալ, թե ֆինանսական միջոցներ չկան, հազիվ կարողանում են աշխատակազմ պահել, սակայն իրականում դա այդպես չէ: Օրինակ, Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ տարիներ շարունակ գյուղերում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում են վարկային և դրամաշնորհային ծրագրեր: Թե որքանով են արդյունավետ օգտագործվում ՀԲ–ի ֆինանսական միջոցները, որքանով են իրականացված և իրականացվող ծրագրերը արդյունավետ, ովքեր են այդ ծրագրերի շահառուները կամ քանի աղքատ գյուղացու վիճակ է բարելավվել` առանձին քննարկման թեմա է: Սակայն, մի բան հստակ է` ՀԲ–ի կողմից գյուղնախարարության գյուղատնտեսական ԾԻԳ–ին տրված վարկային միջոցները նպաստել են մեր երկրի արտաքին պարտքի ավելացմանը:

Ինչևէ, կառավարությունը հրաժարական է տվել և առաջիկայում կնշանակվի կառավարության նոր կազմ: Հուսով եմ, որ անկախ այն բանից, թե ով կլինի նոր գյուղնախարարը, եթե նա իրոք մտահոգ լինի գյուղերում և գյուղատնտեսության ոլորտում տիրող դժվարին իրավիճակով, պետք է մի կողմ դնի իր անձնական ամբիցիաները, մեկընդմիշտ մոռանա կուսակցական, խմբային շահերը, համախմբի ոլորտի բոլոր առողջ ու պրոֆեսիոնալ ուժերին և վերջապես ձեռնամուխ լինի գյուղացու վիճակի լավացմանը, գյուղի ու գյուղատնտեսության զարգացմանը: Համոզված եմ, որ այդպիսի գյուղնախարարը կվայելի գյուղացիների, գյուղոլորտի մասնագետների, քաղհասարակության ոչ միայն հարգանքը, այլև աջակցությունը: Այդպիսի գյուղնախարարը կունենա նաև մեր կազմակերպության մասնագիտական և բարոյական աջակցությունը:

 

Սարգիս ՍԵԴՐԱԿՅԱՆ

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ,

ԿԶԾ/ՀԶԾ ՔՀՑ խորհրդի նախագահ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930