Այսօր կայացած «Կինո եւ մեդիա» կլոր սեղան-քննարկման ժամանակ «Ինտերնյուս» կազմակերպության «Այլընտրանքային միջոցները ԶԼՄ-ներում» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը կարծիք հայտնեց, որ պետությունը չպետք է կոնցեպցիա թելադրի մասնավոր հեռուստաընկերություններին, բայց Հ1-ը պետք է ազգային կինոարտադրանք ցուցադրելու պարտավորություն ունենա: Տիկին Ասլամազյանի ձեւակերպմամբ, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում հեռուստատեսային շուկան սխալ է կառուցված, ամեն ինչ հենված է սեփականատերերի ճաշակի վրա ու չկա համապատասխան օրենսդրական դաշտ: Նա մնում է այն համոզման, որ TV-ների եւ կինոարտադրողների միջեւ պարտադիր պետք է գործեն պայմանագրային հարաբերություններ, եւ TV-ները թեկուզ սիմվոլիկ, պե՛տք է վճարեն կինոարտադրողի ֆիլմը ցուցադրելու համար:
«Օրդֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը, որը պայմանավորվածություն ունի Հ1-ի հետ՝ օգտագործել նրա հեռուստատեսային արխիվային բազան, փաստեց, որ իրենց միջեւ ֆինանսական ոչ մի պայմանավորվածություն չկա, ու «Օրդֆիլմին» ձեռնտու է այդօրինակ համագործակցությունը: Նրա ձեւակերպմամբ, հաճախ ավելի լավ է ֆիլմերն առանց վարձատրության տրամադրել TV-ներին, քան դրա դիմաց ստանալ դիցուք 50000 դրամ, այն դեպքում, երբ ահագին ջանք է թափվել ու ներդրումներ են կատարվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ