«Շողակաթ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Արա Շիրինյանն այսօր «Կինո եւ մեդիա» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ հեռուստաընկերությունների եւ կիոնարտադրողների միջեւ անճոռնի փոխհարաբերություններ են գործում, որովհետեւ ոչինչ օրենքով կարգավորված չէ, TV-ներն էլ ստիպված աշխատում են օրենքի դաշտից դուրս: «Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած TV կարող է ցանկացած փառատոնային ֆիլմ մերժել՝ պատճառաբանելով, որ հեռուստատեսային ձեւաչափին չի համապատասխանում»,-փաստեց նա: Ռեժիսորը միաժամանակ նշեց, որ աշխարհում ընդունված է, ավելին՝ TV-ներն ունեն պարտավորություն շաբաթվա մեջ ցուցադրել ազգային այն կինոարտադրանքը, որը չի համապատասխանում իրենց ձեւաչափին: Նրա կարծիքով, օրինակ՝ կարելի է «Մոսկվա» կինոթատրոնին պարտադրել, որ տարվա 365 օրերից 50-ը հատկացնի ազգային կինոյին, ընդ որում՝այդ թվում պարտադիր 5 վավերագրական ֆիլմ լինի: Եվ վերջապես, եթե Ֆրանսիայի օրինակով, Հայաստանում էլ այդ մասին համապատասխան օրենք լինի, կինո-մեդիա հարաբերությունները, ինքնըստինքյան կկանոնակարգվեն:
Պարոն Շիրինյանը չհամաձայնեց որոշ կինոգործիչների ու հեռուստաընկերությունների ներկայացուցիչների այն կարծիքի հետ, թե պետությունը չի կարող մասնավոր հեռուստաընկերությունների առաջ պայման դնել. «Նրանց ֆինանսական գործունեությունն է մասնավոր, բայց տարածքը, հարթակը հանրային է…Օրինակ, թող «Շողակաթն» ընտրի իր սիրելի հայկական ֆիլմերը, իսկ «Արմենիան»՝ հայկական սերիալներ ցուցադրի»:
Արա Շիրինյանը գտնում է, որ այս համատեքստում պետք է դաժան օրենքներ գործեն TV-ների համար. «Թե չէ ստացվում է՝ Անգլիան 4 ալիք ունի, մենք՝ 15»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ