«Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հնարավորությունները սկզբունքորեն ավելի բարձր են, քան մյուս կուսակցություններինը: Տարոն Մարգարյանը մեծ շանսեր ունի նորից դառնալու Երևանի քաղաքապետ»,- այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Բանախոսն ընդդիմության միավորվելը հավանական չի համարում: Նրա խոսքով` խնդիրը ոչ միայն քաղաքական ուժերի միավորման մեջ է, այլ նոր, բավականին լուրջ շարժիչի ձևավորման մեջ, սակայն ակնկալել, թե ընտրությունների նախաշեմին այն կստեղծվի, դժվարանում է պատասխանել:
Քաղաքագետն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Բարև Երևան» դաշինքի հնարավոր շանսերին՝ ասաց, որ Ր. Հովհաննիսյանի կողքին այս օրերին հավաքված մարդկանց մեծ մասը նրա օգտին չի քվեարկել դեռ նախորդ ընտրություններում, այսինքն` սա ընդամենը բողոքի ակցիա է և ամենևին էլ կապ չունի «Ժառանգության» ընտրազանգվածի հետ, և որպեսզի նա մասնակցի ընտրություններին, միայն բողոքի ակցիան բավարար չէ:
Վերջինիս համոզմամբ՝ քաղաքապետի թեկնածուներից որևէ մեկը լուրջ մրցակցություն չի կարող ստեղծել Տարոն Մարգարյանին: Սակայն բավական շատ ձայներ Երևան քաղաքում, քաղաքագետի խոսքերով, կարող են հավաքել ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է նորաստեղծ ՀԱԿ կուսակցությանը, կուսակցության համագումարին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այդ համագումարում հնչեցրած ելույթին, ասաց, որ այն ազդանշան էր՝ ուղղված Ծառուկյանին: « Տեր-Պետրոսյանն ազդանշան է տալիս Ծառուկյանին, որ կարելի է վերակենդանացնել նախկինում ունեցած համագործակցության կառուցվածքը և օգտագործել այն ապագայում, իսկ ՀԱԿ դաշինքի վերափոխումը կուսակցության ոչ միայն վերանվանում է, այլ արտացոլումն այն քաղաքական իրավիճակի, որը կա Հայաստանում: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը հանրապետականներին տապալել չի կարող մոտակա ժամանակաշրջանում, իսկ խմբավորել մարդկանց իր շուրջ, խորհրդարանում աշխատել կարող է, ուստի ճիշտ էր կուսակցություն ձևավորելը»:
Քաղաքագետը խոսելով ՀԱԿ հիմնադիր համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին՝ ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանը լավ առաջատար է և լավ դիվանագետ: Նա ցույց տվեց, որ փորձված հռետոր է, ով հասկանում է՝ ինչպես, ինչու և ինչի մասին խոսել, նրա խոսքը հիմնված է այն մարդկանց տեսակետների ու դիրքորոշումների վրա, ում հետ խոսել է ավելի վաղ»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ