Հատվածներ Newmag ամսագրին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարցազրույցից:
-Ինչպե՞ս է քաղաքապետարանը որոշում, թե որ նախագիծն է ճաշակով, իսկ որը` ոչ:
-Ճաշակի հարցում, հայտնի է, չեն վիճում, այդ իմաստով մենք մեզ ապահովագրել ենք սխալվելուց: Օրինակ, քաղաքապետին կից գործող քաղաքաշինության, գեղարվեստական խորհուրդները, կազմակերպվող հանրային քննարկումները հենց մեկ նպատակի են ծառայում` կայացնել այնպիսի որոշումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության մեծամասնության համար: Ամեն դեպքում, չկա որևէ լայնամասշտաբ ծրագիր, որի որոշումը միանձնյա կայացվի:
–Դուք խոստացել էիք, որ սեփականատերերի ձեռքից կվերցնեք ձզձգվող շինությունների սեփականության վկայականները եւ կտաք ուրիշին:
Կարդացեք նաև
-Այո՛, քաղաքում կան անավարտ շինություններ, որոնք անհարմարություններ են ստեղծում երևանցիների համար, աղավաղում քաղաքի ճարտարապետական դիմագիծը: Այդ շինություններն ունեն տարբեր պատմություններ: Իհարկե, մեր սահմանադրությունը պաշտպանում է մասնավոր սեփականության իրավունքը, բայց ընդգծեմ, որ պետության առջև իրենց ներդրումային պարտավորությունները չկատարող անբարեխիղճ կառուցապատողները պետք է նաև պատասխանատվություն կրեն օրենքով:
-Ժամանակին խոսակցություններ կային, որ մայրաքաղաքը պետք է դառնա փոքր կենտրոնը, իսկ Երեւանի շրջանները` արբանյակ քաղաքներ: Գաղափարը դեռ կա՞:
-Այդ խոսակցությունը տրամաբանական կլիներ, եթե Երևանի բնակչությունը գերազանցեր 2.5 միլիոնի սահմանը: Այսօր դեռ այդ սահմանագիծը չենք հատել: Երբ քաղաքի բնակչության թիվն ավելանա, այդ ժամանակ կմտածենք քաղաքային տնտեսությունը կառավարելու ավելի արդյունավետ վարչատարածքային լուծումների մասին: Այս պահին դրա կարիքը չկա:
-Ի՞նչ փուլում է Երևանն օղակող անտառային գոտիներ ստեղծելու ծրագիրը: Փոշեբեր քամիներից պաշտպանվելու ի՞նչ առաջարկներ եք ստացել, որքա՞ն գումար կպահանջվի, եւ ե՞րբ է դա հնարավոր իրականացնել:
–Նախատեսում ենք իրականացնել անտառվերականգնման լայնամասշտաբ ծրագիր: Այն ընդգրկելու է Եռաբլուրի և Փարոսի բլուրի տարածքները, Հաղթանակ զբոսայգու և Ծիծեռնակաբերդի անտառպուրակային հատվածները: Երևանը շրջապատող մարզերի հետ համատեղ նույնպես լրացուցիչ քայլեր կձեռնակրվեն: