ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ավարտվել է Ն.Ժամհարյանի կողմից իր նորածին երեխային խեղդամահ անելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակչուհի Ն.Ժամհարյանը ամիսներ շարունակ չի իմացել իր հղիության մասին, քանի որ ֆիզիոլոգիական որևէ փոփոխություն մինչ հղիության 5-րդ ամիսը չի զգացել կամ նկատել: Նա, հանդիսանալով 6 երեխաների մայր, ունենալով երկու թոռ, ամաչելով ասեկոսեներից, ամուսնուց վախենալով և սոցիալապես անապահով վիճակից դրդված, ցանկացել է ազատվել դեռևս չծնված երեխայից: Այդ նպատակով հղիության ընթացքում, բոլորից գաղտնի պարբերաբար ընդունել է հղիությունն ընդհատող դեղամիջոցներ, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ն.Ժամհարյանը 2012թ. դեկտեմբերի 11-ին` ժամը 03:00-ի սահմաններում, իր առանձնատանը կից խոհանոցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա: Ծննդաբերելուց անմիջապես հետո, նորածնին ապօրիանաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան փաթաթել է բաճկոնի և պոլիէթիլենային տոպրակի մեջ ու խեղդամահ արել: Տոպրակում փաթաթված երեխայի դին պահել է նույն խոհանոցի բազմոցի և թախտի արանքում` առավոտյան բոլորից գաղտնի հուղարկավորելու նպատակով:
Սակայն Ն.Ժամհարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և դստերը խնդրել, որ վերջինս շտապօգնություն կանչի: Ն.Ժամհարյանը շտապօգնության բժշկական անձնակազմին հայտնել է, որ ունեցել է երկու ամսվա հղիություն, սակայն վիժել է, իսկ պտուղն ընկել է զուգարանի անցքը:
Կարդացեք նաև
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ժամհարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ դատախազություն